Լրագրողների աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի և ես միշտ պաշտպանելու եմ ձեզ. գիտակցում եմ այդ աշխատանքի կարևորությունը, դա իմ համոզմունքն է։ Խնդրում եմ հունիսի 7-ին քվեարկել մեր օգտին և արդարություն բերել նաև լրագրության ոլորտ։ Այս մասին մայիսի 21-ին «Facebook»-ի իր էջում հայտարարել է Հայաստանի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակը։

«Այս ընտրությունները սկզբունքային կարևորություն ունեն նաև ձեր մասնագիտական աշխատանքի համար։ 35 տարի ձեր աշխատանքը եղել է չգնահատված պետության կողմից. Ձեզ փորձել են ճնշել, լրագրողներին ենթարկել են բռնության և վիրավորանքի։ Դա արել են նրա համար, որ դուք ջրի երես եք բերել դա անողների անօրինականություններն ու սխալները։ Այդ մարդիկ էլ մնացել են անպատիժ։

Այս ընտրություններում, երբ որոշելու լինեք, թե ում օգտին քվեարկել, հաշվի առեք, թե իրականում ով է հասկանում ձեր գործունեության կարևորությունը և ում օրոք դուք պաշտպանված կլինեք։ Ես տեսել եմ ձեր աշխատանքը արտակարգ իրավիճակներում, պատերազմի և կորոնավիրուսի համաժողովակի ժամանակ, երբ Կառավարությունը սահմանափակում էր հետաքննող լրագրությունը։ Այն ժամանակ ես առաջիններից մեկն էի, որ պայքարեցի դրա դեմ, և մենք միասին արդյունքի հասանք։ Պատերազմից հետո սահմանամերձ գյուղերում առկա խնդիրներն ու ադրբեջանական խախտումները աշխարհին հասանելի դարձան հենց ձեր շնորհիվ։ Դուք օգնում եք վեր հանել կոռումպացված պաշտոնյաների ապօրինի գործողությունները։ Վերջերս դուք օգնեցիք ինձ ապացուցել Վարդենիսի և Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանցիների ներթափանցումը ու այնտեղ նրանց դիրքերի կառուցումը», - նշել է Թաթոյանը։

Source: https://news.am/hy/news/1037152