Այսօր՝ հուլիսի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանից և «Վեոլիա Ջուր» ընկերությունից։ Հայտնում է shamshyan.com–ը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները իրենց զայրույթն էին ուղղում մարզպետին, քաղաքապետին ու Վեդիի համայնքապետին՝ ասելով, թե ընտրությունների ժամանակ խոստումներ էին տալիս, սակայն 350-ից ավելի բնակիչ ունեցող թաղամասում ոչ մի տարրական պայմաններ չկան՝ ոչ կոյուղատարերն են գործում, ոչ խմելու ջուր ունեն, ոչ էլ նորմալ ճանապարհներ։ Բնակիչների խոսքով՝ իրենց ավելի շատ մտահոգում է, թե ի վերջո գոնե օրը 8 ժամ խմելու ջուր կունենան, թե ոչ։ Նրանք նշում են, որ դիմում են «Վեոլիա»-ին՝ ասում են դա մեր խնդիրը չէ, դիմեք մարզպետարան, դիմում են մարզպետարան՝ ասում են դիմեք Վեդիի համայնքապետարան։

Նրանք նշում են, որ եթե խնդիրը չլուծվի, ապա պատրաստ են բողոքի ակցիաների, ընդհուպ՝ փակել Երևան-Երասխ գլխավոր ճանապարհը։

Source: https://news.am/hy/news/1047992