Եղել են ծրարներ, որ մաքուր թափանցիկ էին, սա ակնհայտորեն առաջացնում է լուրջ խնդիր։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, ՍԴ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ–ում ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։
«Եթե մարդիկ, որոնք պետք է գնան քվեարկության, չեն իմանում իրենց տեղամասում թափանցիկ է լինելու, թե ոչ, ինքնին արդեն խնդիր է առաջանում։ Այս տեղեկատվությունը արդեն իսկ ընտրության օրն է եղել տարածված։ Թե ով է տարածել, մարդիկ նկատել են, տարածել են, թե ասենք այն ուժերը, օրինակ, ՔՊ-ն տվյալ դեպքում, որոնք ցանկացել են ինչ-որ ձևով վերահսկելի քվեարկություն ունենան, տարածել են, ակնհայտ է, որ քվեարկության ժամանակ մի շարք տեղամասերում ուղղակիորեն անզեն աչքով տեսնում ենք, որ թափանցում է»,–ասաց նա։
Անդրադառնալով ԲՀԿ–ի՝ ՍԴ ներկայացրած դիմումին, Օրբելյանն ասաց. «Մենք երկու պահանջ ունենք, մեկով ասել ենք՝ կամ անվավեր ճանաչեք, և այդ ժամանակ ամբողջ Հայաստանում լինելու է վերաքվեարկություն։ Եթե ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն չեղավ, պետք է լինի, ըստ էության, մանդատների բաշխման նոր կարգ։ Մանդատների բաշխման նոր կարգով Սահմանադրական դատարանը որոշելու է, որ ԲՀԿ-ն քանի որ հաղթահարել է շեմը, ապա նա կստանա համապատասխան քանակով մանդատներ, ըստ տոկոսների։ Այդ դեպքում ԲՀԿ–ն կստանա 5 մանդատ, որի արդյունքում ՔՊ–ից կպակասի 3 մանդատ, «Ուժեղ Հայաստանից»՝ 1 մանդատ, և «Հայաստան» դաշինքից՝ 1 մանդատ։ Այդ 5 մանդատը հնրավորություն է տալիս, որ ԲՀԿ–ին ձայն տված 58,500 քաղաքացիների ձայնը լսելի դարձնել Հայաստանի քաղաքական դաշտում»։
Հարցին՝ եթե լինի վերաքվեարկությունը, երաշխիք կա՞, որ այս ԿԸՀ–ն
ԲՀկ ներկայացուցիչ փաստաբանը համոզմունք հայտնեց, որ ի սկզբանե պետք է վերաքվեարկություն նշանակվեր, եթե գտնում էին, որ տեղի է ունեցել խախտում, որովհետև այդ տեղամասերի անվավեր ճանաչելը ԲՀԿ-ին դուրս էր հանում մանդատ ստանալու հնարավորությունից.
«Նոր քվեարկության ժամանակ կարող է ԲՀԿ-ն ձայն չստանար, կարող է չհավաքեր այն ձայները, որ հավաքել էր և չանցներ։ Կարող է ստանար ավելի շատ ձայն։ Այն որ ԿԸՀ կայքում հրապարակվել է, դա ԿԸՀ որոշումը չի։, դա Վահագն Հովակիմյանի կամ ինչ-որ մեկն իրեն հուշել է, կարծիքն է։ Ամեն դեպքում ինչ-որ մեկը ասել է՝ քո անունից հրապարակի, դա ընդամենը ինչ-որ կարծիք է մի անդամի, որի հրապարակումը ընդհանրապես ես չեմ համարում իրավաչափ։ Հիմա եթե մենք մտահոգ ենք, որ վերաքվեարկություն է լինել, ուրեմն ամբողջ Հայաստանում քվեարկություն պետք է արվի։
ԿԸՀ–ն, ես ենթադրում եմ, տեսել է, որ «Հայփոստում» աշխատավարձերը բարձրացրել են, որոշել է ինչ նամակագրություն ստանում է, պետք է ուղղորդի։ Ինքը որոշել է, որ ինքը «Հայփոստի» գրասենյակ է, այլ ոչ թե ԿԸՀ։ Ինքը պետք է որոշումներ կայացներ։ Սա շատ ֆունդամենտալ խնդիր է։
Նույն ՔՊ–ն պետք է ասեր՝ ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն անցնի, որպեսզի մենք ունենանք ավելի ներկայացուցչական պառլամենտ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մեկնարկել ու դեռ շարունակվում է ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։ Վերջնաժամկետը հուլիսի 4–ն է։
Source: https://news.am/hy/news/1047107