Ռուսաստանի կողմից հայկական կոնյակի մատակարարումների սահմանափակումներ մտցնելուց հետո տեղական ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները չկարողացան վերակառուցել իրենց մատակարարման շղթաները՝ կոնյակի սպիրտների շշալցումն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է «Ալկոպրո» գիլդիայի ղեկավար Անդրեյ Մոսկովսկին, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
Ռուսաստանում արտադրվող կոնյակի զգալի մասը պատրաստվում է Հայաստանից ներմուծվող կոնյակի սպիրտների հիման վրա։ Մատակարարումների սահմանափակումից հետո ռուսական ձեռնարկությունները չկարողացան արագորեն գտնել համարժեք հումք, ինչն էլ հանգեցրել է հունիսին կոնյակի արտադրության կտրուկ կրճատմանը։
Մոսկովսկու խոսքով՝ ռուս արտադրողների համար չափազանց դժվար է եղել ընդամենը մեկուկես ամսում վերակառուցել լոգիստիկական և արտադրական շղթաները։ Այս ֆոնին Ռուսաստանում պատրաստի կոնյակի թողարկումը զգալիորեն կրճատվել է։
Հունիսին կոնյակի արտադրությունը նվազել է 26,67%-ով, իսկ առաջին կիսամյակի արդյունքներով՝ 6,6%-ով։
Source: https://news.am/hy/news/1048371