Մեկնարկում է պետական թանգարանների աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացը՝ համաձայն նախարարի հրամանով հաստատված կարգի: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Թանգարանային ոլորտի աշխատողներն ատեստավորման գործընթացի մասին ծանուցվում են ատեստավորումից առնվազն երեսուն օր առաջ: Ըստ կարգի՝ ատեստավորման հանձնաժողովի կազմը և գործընթացի ժամկետները հաստատվում են համապատասխան թանգարանի տնօրենի հրամանով։

Ատեստավորման գործընթացին մասնակցությունը կամավոր է. իրականացվում է տարին մեկ անգամ երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց: Թեստավորման փուլը ներառում է թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները սահմանող իրավական ակտեր, միջազգային կոնվենցիաներ, թանգարանային աշխատողների մասնագիտական էթիկայի վերաբերյալ հարցեր: Թեստավորման փուլը հաղթահարված է համարվում ատեստավորման առաջադրանքներ 80 % և ավելի արդյունք գրանցելու դեպքում:

Թեստավորման փուլը հաղթահարած աշխատողները մասնակցում են ատեստավորման հաջորդ փուլին՝ հարցազրույցին։ Հարցազրույցի փուլն աշխատողի՝ տվյալ պաշտոնի գործառույթների իրականացման համար պահանջվող հմտությունների գնահատումն է։

Ատեստավորման վերջնական արդյունքը ձևավորվում է թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքների համակցությամբ։

Աշխատակիցը կարող է գրավոր բողոքարկել ատեստավորման արդյունքները՝ դրանց հրապարակմանը հաջորդող ոչ ուշ, քան երկու ժամվա ընթացքում։

Թեստավորման արդյունքների բողոքարկումը քննվում է թանգարանում ձևավորված բողոքարկման հանձնաժողովի կողմից, որի կազմը չի կարող համընկնել ատեստավորման հանձնաժողովի կազմի հետ։ Բողոքարկման հանձնաժողովը դիմումը քննարկում է այն ստանալուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Ատեստավորումը հաջողությամբ անցած աշխատողների համար կսահմանվի հավելավճար՝ որպես խրախուսման և մասնագիտական գնահատման կարևոր գործիք: Համապատասխան ֆինանսական միջոցները Կառավարության որոշմամբ արդեն հատկացվել են։

Ատեստավորման ժամանակացույցը, դիմումների ընդունման վերջնաժամկետները և անհրաժեշտ մեթոդական ուղեցույցներն առաջիկայում կհրապարակվեն թանգարանների պաշտոնական կայքէջերում:

Թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացն ուղղված է աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ոլորտի արդյունավետության բարձրացմանը։

Source: https://news.am/hy/news/1040255