ԿՀՎ-ին մեղադրել են ԴՆԹ-ի թեստավորման հանրահայտ ծառայությունների միջոցով միլիոնավոր մարդկանց գենետիկական տվյալներին գաղտնի հասանելիություն ստանալու մեջ՝ իբր Երկրի վրա արտաերկրյա կյանքի որոնման գաղտնի ծրագրի շրջանակում, գրում է Daily Mail-ը։

Նման հայտարարությամբ հանդես է եկել ֆանտաստ գրող և փիլիսոփայության դոկտոր Ջեյսոն Ռեզա Ջորջանին։ American Alchemy փոդքաստում նա պատմել է, որ շփվել է ԱՄՆ բանակի նախկին սերժանտ Լին Բյուքենենի հետ, որը, նրա խոսքով, մասնակցել է ԿՀՎ-ի «հոգեկան լրտեսության» (remote viewing) ծրագրին։

Ջորջանիի պնդմամբ՝ Բյուքենենը գիտեր ամերիկյան հատուկ ծառայությունների փակ ծրագրի գոյության մասին, որը ԿՀՎ-ին թույլ էր տալիս ինչ-որ «սև մուտքի» միջոցով հասանելիություն ստանալ 23andMe և Ancestry.com ընկերությունների տվյալների բազաներին։

Այս տեսության համաձայն՝ հատուկ ծառայությունները, իբր, փնտրում են այն մարդկանց, որոնց ԴՆԹ-ն կապված է «նորդիկներ» անունով հայտնի այլմոլորակայինների ցեղի հետ․ ուֆոլոգների նկարագրությամբ դրանք մարդանման էակներ են՝ շատ բարձրահասակ, բաց մազերով, սկանդինավյան արտաքինով, կապույտ աչքերով և բաց մաշկով։

Միաժամանակ Պենտագոնը երկար տարիներ պաշտոնապես հայտարարում է, որ չունի այլմոլորակային կյանքի գոյության ապացույցներ՝ չնայած Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ՉԹՕ-ների մասին գաղտնազերծված նյութերի մի մասի հրապարակմանը։

Ջորջանին պնդում է, որ իր աղբյուրը՝ ԱՄՆ բանակի վետերան Լին Բյուքենենը, նախկինում հրապարակայնորեն պատմել է remote viewing ծրագրի շրջանակում իր աշխատանքի մասին, որտեղ այսպես կոչված «հոգեկան լրտեսները» պետք է հեռավորությունից տեղեկություններ ստանային մարդկանց, օբյեկտների և իրադարձությունների մասին։

Բյուքենենը հարցազրույցներից մեկում նաև հայտարարել էր, որ կառավարությունը, իբր, զբաղվում է այն մարդկանց որոնմամբ, որոնց ԴՆԹ-ն «չի տեղավորվում մարդկային ծագման ստանդարտ մոդելների մեջ» և կարող է նշվել որպես «other» («այլ») կամ «չնույնականացվող ծագում»։

Ջորջանիի խոսքով՝ Բյուքենենը իրեն պատմել է մի տարօրինակ դրվագի մասին, երբ իր հետ, իբր, կապ են հաստատել «նորդիկների» ներկայացուցիչները։ Նրանք պնդել են, որ գիտեն մարդկանց և այլմոլորակայինների հիբրիդներին հայտնաբերելու ԿՀՎ-ի փորձերի մասին և խնդրել են իրեն օգնել։

Ինչպես պնդվում է, այս ցեղի ներկայացուցիչները թաքնվում են սովորական մարդկանց մեջ, ապրում են Կոլորադոյի Ժայռոտ լեռների փոքր քաղաքներում և արտաքնապես ոչնչով չեն տարբերվում «բարձրահասակ սկանդինավներից»։

Ջորջանին հայտարարել է, որ «նորդիկները», իբր, փախել են Երկիր իրենց մոլորակի բռնատիրական ռեժիմից, ապա սերունդների ընթացքում հարաբերությունների մեջ են մտել մարդկանց հետ՝ ստեղծելով հիբրիդային սերունդ։

Այս պատմության մեջ առանձին ուշադրություն է գրավել Քրիստոֆեր «Քիթ» Գրինի անունը՝ ԿՀՎ-ի նախկին գիտնական, որը իսկապես աշխատել է remote viewing ծրագրերի վրա և լքել է գործակալությունը դեռևս 1985 թվականին։

Սակայն նկարագրված՝ «այլմոլորակային ԴՆԹ»-ի որոնման ծրագրի գոյության որևէ ապացույց ներկայացված չի եղել։

2023 թվականին տրված հարցազրույցներից մեկում Բյուքենենը իսկապես ասել էր, որ երբեք չէր հանձնի ԴՆԹ թեստ 23andMe-ին՝ իրեն հայտնի տեղեկությունների պատճառով։

«Ծագման գծապատկերում կա “other” անունով հատված՝ անհայտ կամ չնույնականացվող ծագում։ Եվ որքանով ինձ հայտնի է, կառավարական կառույցներին հետաքրքրում է հենց այդ հատվածը», — հայտարարել էր նա։

Այսօրվա դրությամբ Ancestry.com-ի բազան ունի ավելի քան 30 միլիոն օգտատեր, իսկ 23andMe-ի ծառայություններից, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, օգտվել է ավելի քան 15 միլիոն մարդ։

Պատմությունը լրացուցիչ արձագանք է ստացել այն բանից հետո, երբ որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ և ուֆոլոգներ սկսել են հրապարակայնորեն քննարկել «մարդկանց և այլմոլորակայինների հիբրիդների» թեման։

Կոնգրեսական Էրիկ Բերլիսոնը նախկինում հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփին, իբր, զեկուցել են ԱՄՆ կառավարությանը հայտնի առնվազն չորս տեսակի այլմոլորակայինների գոյության մասին։

Նախկին կոնգրեսական Մեթ Գեթցը նույնպես պնդում էր, որ ամերիկյան իշխանությունները, իբր, փակ օբյեկտներում իրականացնում են մարդկանց և այլմոլորակայինների գաղտնի «հարկադրական խաչասերման ծրագրեր»։

Նման ծրագրերի, այլմոլորակայինների կամ «հիբրիդների» գոյության որևէ հաստատված ապացույց ներկայացված չի եղել։

Source: https://news.am/hy/news/1038444