Օգոստոսի 3-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Արցախի փողոցի շենքերից մեկի ետնամասում գտնվող երկաթգծի մոտ մի տղամարդ հարձակվել է իր վրա, պատճառել մարմնական վնասվածքներ և հափշտակելով պայուսակը դիմել փախուստի։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացրել են Քննչական կոմիտեի գործընկերների հետ՝ պարզելով ավազակություն կատարած անձի ինքնությունը։

Երևանի 39-ամյա բնակչի նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 11-ին՝ ժամը 14․30-ի սահմաններում, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն, ապա ներկայացվել նախաքննական մարմին։

Source: https://news.am/hy/news/1054865