Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության՝ Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գտնվող «88» սուպերմարկետում գործող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը։

Տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝

արտադրամասի դասավորվածությունը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, ինչպես նաև աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

պատերն ունեցել են վնասված հատվածներ, իսկ մակերեսները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով,

առաստաղները չեն ապահովել կեղտի կուտակման և մասնիկների թափվելու կանխարգելումը,

շինության որոշ հատվածներում կոյուղու համակարգը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,

սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները և բեռնարկղերը վնասված են եղել, ինչը թույլ չի տվել իրականացնել դրանց պատշաճ լվացում, մաքրում և ախտահանում,

արտադրամասում պահվել են անձնական իրեր, ինչպես նաև սննդամթերքի արտադրությունում չօգտագործվող նյութեր և պարագաներ։

«ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հացի և տորթերի արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։ Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

Source: https://news.am/hy/news/1053390