«Կոմիտաս Պարկ» բնակելի համալիրի բնակիչները հուլիսի 2–ին բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց՝ վարչապետի և պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրելու իրենց խնդրին։ «Կոմիտաս պարկ» համալիրի առաջին փուլով նախատեսված շենքերը շահագործման պետք է հանձնվեին դեռ 3 տարի առաջ, մինչդեռ համալիրը մինչ օրս դեռ հանձնված չէ։ Այժմ էլ կառուցապատողը բնակիչներին կանգնեցրել է նոր ֆինանսական խնդիրների առաջ։
Բնակիչները նշում են, որ համալիրի կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ընկերության ղեկավար Լևոն Օրդուխանյանը հրաժարվում է տալ բնական գազի միացման համար անհրաժեշտ համաձայնությունը՝ պահանջելով, որ բնակիչները լրացուցիչ գումար վճարեն՝ յուրաքանչյուր ընտանիքից հավելյալ 357,000 դրամ։ Մինչդեռ բնակիչները նշում են, որ կառուցապատողի հետ իրենց պայմանագրերում նման կետ չկա։ Նրանք նաև բաց նամակով դիմել են երկրի վարչապետին, որտեղ ասվում է.
«Մենք՝ «Կոմիտաս Պարկ» բնակելի համալիրի շահառուներս, բազմաթիվ պետական ծառայողներ, քաղաքացիական ծառայողներ, զինծառայողներ և Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիներ, տարիներ շարունակ սպասել ենք, հավատացել, համբերել և բարեխղճորեն կատարել ենք մեր բոլոր պայմանագրային պարտավորությունները։
Բայց այսօր, մեր տան դուռն ու բանալիները մեզ հանձնելու փոխարեն, մեզ ասում են, որ եթե չվճարենք լրացուցիչ գումար, կառուցապատողը չի տրամադրի գազամատակարարման միացման համար անհրաժեշտ համաձայնությունը։
Պարո՛ն վարչապետ, մեզ համար սա պարզապես գազի հարց չէ։ Սա օրենքի գերակայության, արդարության և պետության նկատմամբ վստահության հարց է։
Մենք չենք խնդրում արտոնություն և չենք ակնկալում հատուկ վերաբերմունք։ Մենք միայն խնդրում ենք, որ ոչ մի ընտանիք ստիպված չլինի վճարել լրացուցիչ գումար՝ իր օրինական տունը բնակելի դարձնելու համար։
Թեև պետության կողմից պայմանագրի կողմ և երաշխավոր հանդիսացող լիազորված պետական մարմինը՝ Քաղաքաշինության կոմիտեն, հրապարակայնորեն արձանագրել է, որ կառուցապատողի կողմից գազամատակարարման միացման համար անհրաժեշտ համաձայնությունը լրացուցիչ վճարով պայմանավորելը հիմնավորված չէ, կառուցապատողը շարունակում է անտեսել այդ դիրքորոշումը և պահպանել իր պահանջը։ Արդյունքում «Կոմիտաս Պարկ» բնակելի համալիրի հարյուրավոր շահառուներ շարունակում են մնալ անորոշության մեջ և զրկված են իրենց օրինական բնակարանները լիարժեք օգտագործելու հնարավորությունից։
Պարո՛ն վարչապետ, մենք հավատում ենք, որ իրավական պետությունում քաղաքացին չի կարող մնալ անպաշտպան, երբ պետական լիազորված մարմնի դիրքորոշումն անտեսվում է։ Մենք խնդրում ենք Ձեր անմիջական միջամտությունը, որպեսզի վերականգնվի օրենքի ուժը, պաշտպանվեն հարյուրավոր ընտանիքների իրավունքները և վերջ դրվի այս անարդարությանը։
Մենք հավատում ենք, որ Դուք կլսեք մեր ձայնը և թույլ չեք տա, որ տարիների սպասումն ավարտվի հերթական անարդարությամբ»։
Նշենք, որ կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ին գազամատակարարման ցանցին միանալու համար հանրային ծառայողներից պահանջվող վճարման վերաբերյալ գրությամբ իր դիրքորոշումն է հայտնել նաև Քաղաքաշինության կոմիտեն՝ իր ֆեյսբուքյան էջում։ Գրառման մեջ մասնավորապես նշված է․
«Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին
Հարգելի´ հանրային ծառայողներ, տեղեկացնում ենք, որ Քաղաքաշինության կոմիտեն այսօր գրությամբ իր դիրքորոշումն է հայտնել կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ին գազամատակարարման ցանցին միանալու համար հանրային ծառայողներից պահանջվող վճարման վերաբերյալ։ Հայտնում ենք, որ որևէ վճար կատարելու պարտավորություն բնակիչները չունեն, բացառությամբ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2206-Ն որոշմամբ նախատեսված, ի թիվս այլ ծախսերի, բնակարանի գազի բաժանորդ դառնալու վճարից»։
Source: https://news.am/hy/news/1047547