Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի 5 մլրդ 365 մլն 640 հազար դրամ (14,7 մլն դոլար– խմբ.)՝ առանձին տեսակի արտադրանքի արտահանման աջակցման միջոցառման իրականացման արդյունքում առաջացած պարտավորությունների կատարման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 13-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։
Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել հունիս և հուլիս ամիսներին տնտեսական սուբյեկտների ծախսերի փոխհատուցումը՝ մրգերի (ծիրան, սալոր, կեռաս, ելակ, դեղձ, նեկտարին), բանջարեղենի (լոլիկ, պղպեղ), ծաղիկների, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի և մրգային գինու, շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի, չրերի կամ բանջարեղենի, ինչպես նաև իշխանի և թառափի արտահանման դեպքում։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը
Արման Խոջոյանը հայտնել է, որ ծիրանի արտահանման ծավալը զգալիորեն կրճատվել է՝ կազմելով 10,6 հազար տոննա։
Նա հավելել է, որ դա պայմանավորված է նաև բերքի կրճատմամբ։ Նրա խոսքով՝ հունիս և հուլիս ամիսներին կեռասի արտահանումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է ոչ ավելի, քան 10%-ով։ Միաժամանակ դեղձի և նեկտարինի արտահանումն աճել է։
Source: https://news.am/hy/news/1055168