Ակնհայտ լարվածություններից հետո Երևանը առաջին քայլն արեց դեպի Մոսկվա։ Եկատերինբուրգ միջազգային «Իննոպրոմ» ցուցահանդես կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու տրամադրվածության մասին։ Վերջին շրջանում երկխոսության մթնոլորտը սրվել էր, սակայն Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված չէ հետագա սրմամբ, «Իզվեստիա»-ին հայտնել են երկրի խորհրդարանում։ Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանի ներկայիս այցը նաև հաստատում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը պահպանելու Երևանի կուրսը։ Ինչ է փոխվել և ինչպես կզարգանա Մոսկվայի ու Երևանի երկխոսությունը՝ «Իզվեստիա»-ի նյութում։

Պլենար նիստում Փաշինյանը միտումնավոր խուսափում էր քաղաքական թեմաներից՝ կենտրոնանալով տնտեսության վրա։ Նա ընդգծեց, որ Հայաստանը մնում է հուսալի առևտրային գործընկեր, մասնակցում է համատեղ արդյունաբերական նախագծերին և ակնկալում է բարձր տեխնոլոգիական համագործակցության հետագա զարգացում։

Միխայիլ Միշուստինի հետ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը շեշտադրել է ռուսաստանցի ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը։ Փաշինյանը ընդունել է երկկողմ հարաբերություններում «որոշ խնդրահարույց հարցերի» առկայությունը՝ հույս հայտնելով, որ կողմերը կկարողանան լուծումներ գտնել և շարունակել համագործակցությունը։

Վերջին ամիսներին Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բարդացել են ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման, ԵՄ-ի հետ շփումների ակտիվացման և մի շարք քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Այս ֆոնին Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել առանձին հայկական ապրանքների ներմուծման վրա՝ պաշտոնապես դա բացատրելով սանիտարական պատճառներով։

Փորձագետները կարծում են, որ ներկայիս այցը չի նշանակում Հայաստանի հրաժարում ԵՄ-ի հետ համագործակցության կուրսից, սակայն հաստատում է արտաքին քաղաքականությունում հավասարակշռությունը պահպանելու ձգտումը։ ԵԱՏՄ-ի հետ խզումը չափազանց ցավոտ կլիներ հայկական տնտեսության համար. 2024 թվականին միության երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 12,7 մլրդ դոլար՝ ԵՄ-ի հետ 2,3 մլրդ դոլարի դիմաց, իսկ Ռուսաստանը մնում է էներգակիրների գլխավոր մատակարարը և հայկական արտադրանքի իրացման առանցքային շուկան։

Հարթակի ընտրությունը նույնպես խորհրդանշական է. «Իննոպրոմ»-ը միտված է արդյունաբերական և ներդրումային համագործակցությանը, ինչը ընդգծում է երկու կողմերի ցանկությունը երկխոսությունը քաղաքական հարթությունից տեղափոխել պրագմատիկ տնտեսական հուն։

Գլխավոր եզրակացությունը հետևյալն է. Փաշինյանի այցը վկայում է Մոսկվայի հետ տարաձայնությունները կարգավորելու և ԵԱՏՄ-ում մասնակցությունը պահպանելու Երևանի ձգտման մասին՝ միաժամանակ շարունակելով Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման կուրսը։ Հենց այս երկու ուղղությունների միջև հավասարակշռելու անհրաժեշտությունն էլ մնում է Հայաստանի համար գլխավոր արտաքին քաղաքական մարտահրավերը։

Source: https://news.am/hy/news/1048299