Իսրայելի կառավարությունը կատարել է իր բարոյական պարտքը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, և այդ քայլը բարձր է գնահատվում հայ համայնքի կողմից ինչպես Իսրայելում, այնպես էլ նրա սահմաններից դուրս. երկուշաբթի The Jerusalem Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը։

Բաղդասարյանը Երուսաղեմի Հայոց պատրիարքության համալիրի ավագ անդամ և կալվածոց տեսուչ է։ Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը կիրակի օրը քվեարկել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի սպանությունները որպես ցեղասպանություն Իսրայելի կողմից ճանաչելու օգտին։

Պարբերականի հետ զրույցում եպիսկոպոսն այդ որոշումն անվանել է Իսրայելի բարոյական հանձնառության կատարում՝ հաշվի առնելով Հոլոքոստը վերապրած հրեա ժողովրդի պատմությունը։

«Սա մեծ նշանակություն ունի Իսրայել պետության և հրեա ժողովրդի համար, որովհետև որպես մի ազգ, որը վերապրել է Հոլոքոստը և Հոլոքոստից անմիջապես հետո ստեղծել Իսրայել պետությունը, Հայոց ցեղասպանության ճանաչումն իսկապես Իսրայել պետության բարոյական պարտքն էր»,- ասել է նա։

Կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո առաջարկը պետք է ներկայացվի Կնեսետի լիագումար նիստին՝ քվեարկության համար։ Բաղդասարյանի խոսքով՝ ինքն այնտեղ ճնշող մեծամասնության աջակցություն է ակնկալում։

Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը և Jerusalem Post-ի ավագ թղթակից Սեմ Հալփերնը Երուսաղեմի Հին քաղաքում. 29 հունիսի, 2026 թվական։

Եթե Կնեսետն աջակցի նախաձեռնությանը, Իսրայելը կդառնա ՄԱԿ-ի անդամ 32-րդ պետությունը, որը շուրջ 1,5 միլիոն հայերի սպանությունները պաշտոնապես ցեղասպանություն է ճանաչել։

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան ցեղասպանությունը սահմանում է որպես գործողություններ, որոնք կատարվում են որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի՝ որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։

Ինքը՝ եզրույթը, շրջանառության մեջ է դրել հրեական ծագմամբ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը, որը ոգեշնչվել էր ինչպես Հոլոքոստի, այնպես էլ Հայոց ցեղասպանության պատմությամբ։

«Անձնապես ինձ համար՝ որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռան, դա մեծ նշանակություն ունի, որովհետև մենք՝ հայերս, միշտ հիշելու ենք։ Հիշելու ենք և պահանջելու»,- ասել է Բաղդասարյանը։

«Մենք հիշում ենք, որ մեկուկես միլիոն հայեր սպանվել են Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության ժամանակ, և արդարություն ենք պահանջում։ Մենք պահանջում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և, անշուշտ, այդ զարհուրելի ջարդերի դատապարտում»։

Նա հավելել է, որ հատկապես կարևոր է, որ Թուրքիան, որին նա անվանել է Օսմանյան կայսրության իրավահաջորդ, ստանձնի պատասխանատվությունը ճիշտ այնպես, ինչպես Գերմանիան է ճանաչում իր պատասխանատվությունը Հոլոքոստի համար։

«Ամենակարևոր երկիրը, որը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան է»,- ասել է եպիսկոպոսը։

«Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլև ժխտում է այն։ Հուսով ենք՝ ազդեցիկ երկրների կողմից ճանաչումն ի վերջո դրական ազդեցություն կունենա Թուրքիայի վրա և կստիպի նրան առերեսվել սեփական պատմությանը»։

Եպիսկոպոսը նշել է, որ Հայաստանի, Իսրայելի և այլ երկրների հայերը դրականորեն են ընդունում նման քայլերը։ Նա նշել է, որ Իսրայելի կողմից ճանաչումը կարող է «յուրահատուկ դեր» խաղալ միջազգային ճանաչման առաջմղման գործում։

Ադրբեջանի արձագանքը, որն Իսրայելի ամենամոտ գործընկերներից է մահմեդական աշխարհում, բացասական է եղել. Բաքուն այդ որոշումն անվանել է «անընդունելի», «լուրջ մտահոգության առարկա» և «պատմական փաստերի խեղաթյուրում»։

Բաղդասարյանն Ադրբեջանի արձագանքն սպասելի է անվանել՝ այդ երկիրը բնութագրելով որպես Թուրքիայի «կրտսեր եղբայր» և հույս հայտնելով, որ դա չի ազդի Կնեսետի քվեարկության վրա։

Պատասխանելով Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների հեռանկարների մասին հարցին՝ նա հայտարարել է, որ ակնկալում է դրանց զարգացումը բոլոր ոլորտներում։

«Հուսով ենք՝ այս ճանաչումը դրականորեն կազդի այդ հարաբերությունների բարելավման վրա։ Դա ի բարօրություն կլինի ինչպես հայ, այնպես էլ իսրայելցի ժողովուրդների, ինչպես նաև Իսրայելի հայ համայնքի և Հայաստանի հրեական համայնքի համար»,- ասել է նա։

Նա միաժամանակ ընդգծել է Հայոց ցեղասպանության թեման Իսրայելի կրթական ծրագրերում ներառելու կարևորությունը։

Վերջում Բաղդասարյանը հայտնել է, որ ստացել է բազմաթիվ շնորհավորական ուղերձներ, որոնցում մարդիկ իրենց ուրախությունն են արտահայտել ճանաչման կապակցությամբ, թեև ցավել են, որ այն այսքան ուշ է տեղի ունեցել։

Source: https://news.am/hy/news/1046940