Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ուրբաթ օկուպացված Արևմտյան ափին իսրայելցի զինծառայողները գնդակահարել են 7 ամսական պաղեստինցի տղա երեխայի և վիրավորել նրա ծնողներին, հաղորդել է CNN-ը։

Տեղեկացվել է, որ երեխան ծնողների հետ միասին գտնվել է ավտոմեքենայում, երբ իսրայելցի զինվորը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ՝ Խեբրոն քաղաքի մոտակայքում գտնվող շրջանում։ Կրակոցների հետևանքով մանկիկը մահացել է, իսկ երկու ծնողները վիրավորվել են։

Երեխայի տատը՝ Ֆիրյալ Աբու Հեյքալը, Reuters գործակալությանը հայտնել է, որ ավտոմեքենային դիպել է մեկ փամփուշտ, որն էլ դարձել է երեխայի մահվան պատճառը։

Նրա խոսքով՝ այս իրադարձությունը անհնար է հասկանալ և ընդունել։ Կինը հավելել է, որ ընտանիքը որևէ սպառնալիք չի ներկայացնում և «տառապում է պարզապես այն բանի համար, որ մնում է իր տանը»։

Իսրայելի պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ) հայտնել են, որ զինծառայողները ավտոմեքենան ընդունել են որպես սպառնալիք, քանի որ, նրանց գնահատմամբ, այն կտրուկ արագացրել է ընթացքն իրենց ուղղությամբ։

Զինվորականները հայտնել են, որ արձակվել է մեկ կրակոց, և ընդունել են, որ տուժածները քաղաքացիական անձինք են, որոնք ներգրավված չեն եղել մարտական գործողություններում։ Միջադեպը քննության փուլում է։

Նյութում նաև նշվել է, որ նման դեպքեր նախկինում էլ են տեղի ունեցել։ Այսպես, մարտին, պաղեստինյան աղբյուրների տվյալներով, Արևմտյան ափին իսրայելցի զինվորականների կրակոցների հետևանքով սպանվել էին պաղեստինցի մեկ ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ երկու երեխա։

Source: https://news.am/hy/news/1041417