Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ Կաթոլիկ եկեղեցու ներսում սեռական բռնությունը շարունակում է մնալ «բաց վերք»՝ խնդրին անդրադառնալով Իսպանիա կատարած այցի սկզբում, որտեղ նա նախատեսում է հանդիպել բռնության զոհերի հետ, հաղորդել է AFP-ն։
70-ամյա հովվապետը ժամանել է Մադրիդ՝ կատարելով պապական առաջին պետական այցն Իսպանիա 2010 թվականից ի վեր։ Օդանավակայանում նրան դիմավորել են Ֆելիպե VI թագավորը, Լետիսիա թագուհին և վարչապետ Պեդրո Սանչեսը։
Ինքնաթիռում արված հայտարարության մեջ պապը նշել է. «Սա դեռ բաց վերք է»՝ խոսելով եկեղեցում սեռական բռնության խնդրի մասին։
Վատիկանը հայտնել է, որ այցի շրջանակում նա հանդիպումներ կանցկացնի կաթոլիկ հոգևորականության գործողություններից տուժածների հետ։
Իսպանիայի օմբուդսմենի 2023 թվականի տվյալներով՝ 1940 թվականից ի վեր երկրում շուրջ 200 հազար անչափահաս կարող էր դառնալ սեռական բռնության զոհ։ Մարտին Իսպանիայի կառավարությունը և Կաթոլիկ եկեղեցին համաձայնության են հասել տուժածներին փոխհատուցում տրամադրելու շուրջ՝ եկեղեցական հիերարխիայի բազմամյա դիմադրությունից հետո։
Այցի ընթացքում հովվապետը նաև ելույթ կունենա Իսպանիայի խորհրդարանում և աղոթք կբարձրացնի Մադրիդում, որտեղ սպասվում է մինչև 400 հազար մարդու մասնակցություն, հիմնականում երիտասարդների։
Այցի ծրագրում առանձին ուշադրություն է դարձվել նաև միգրացիայի թեմային։ Պապը կայցելի Կանարյան կղզիներ, որտեղ կհանդիպի միգրանտների և նրանց աջակցող կազմակերպությունների հետ։ Վարչապետ Սանչեսի հետ միասին նա կհարգի Ատլանտյան օվկիանոսով Եվրոպա հասնելու փորձի ժամանակ զոհված հազարավոր մարդկանց հիշատակը։
ՄԱԿ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ միայն 2025 թվականին այս երթուղում զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 1 100 մարդ։
Source: https://news.am/hy/news/1041424