«Նոր ուժ» կուսակցությունից վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը հունիսի 7-ին քվեարկել է խորհրդարանական ընտրություններում։
Նա քվեարկել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող 4/53 ընտրատեղամասում։
Մինչ քվեարկությունը Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ընտրություններում բարձր մասնակցությունը ձեռնտու է ընդդիմությանը, քանի որ իշխանությունները վարչական ռեսուրսների լծակներով այս կամ այն կերպ ապահովել են իրենց ձայները․ այս պատկերը մենք տեսել ենք Ավագանու ընտրություններում։
«Եթե ժողովուրդն իր ընտրությունը կատարի, և խախտումներ չլինեն, մենք պետք է հարգենք այդ ընտրությունը՝ լինի դա իշխանության կամ ընդդիմության հաղթանակի դեպքում», — նշել է նա՝ վստահություն հայտնելով, որ «Նոր ուժը» կանցնի խորհրդարան։
«Մեզ համար կարմիր գիծ է համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ, որը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի հետ, որը առաջադրել է Ռոբերտ Քոչարյանին։ Այլ ուժերի հետ համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանք պահպանեն մեր ծրագրերի դրույթները», — ընդգծել է Մարությանը։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Փաշինյանին հրավիրել էր դեմ առ դեմ բանավեճի, «ուստի թող ժողովուրդը որոշի, թե ով ումից փախավ»։
«Հայաստանում չկա որևէ ուժ, որը պատերազմ է ցանկանում։ Սա մանիպուլյացիա է, սա վախի վաճառք է, երբ իշխանություններն ասում են, թե «եթե մենք չլինենք, պատերազմ կլինի»», — եզրափակել է Մարությանը։
Նշենք, որ Ազգային ժողով կընտրվեն առնվազն 105 պատգամավոր, եթե օրենսդրության առանձնահատկություններից ելնելով չգործեն այս կամ այն ուժերին լրացուցիչ մանդատներ տրամադրելու նորմերը։ Հայաստանի խորհրդարանը ընտրվում է համամասնական ընտրակարգով, այսինքն՝ միայն կուսակցական ցուցակներով։ Հայաստանի 9-րդ գումարման խորհրդարանում տեղերի համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։ Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների համար կազմում է 4%, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8%։
Source: https://news.am/hy/news/1041683