Գործող իշխանության վերին օղակներում կան կոնկրետ անձինք, ովքեր կրթություն են ստացել Թուրքիայում և գտնվում են նրա ազդեցության տակ, բայց հիմա դա կատաղիորեն հերքում են. հայրենական հատուկ ծառայություններն ու հետախուզությունը պետք է սկսեն ճիշտ աշխատել և զբաղվեն թուրքական այս իրական գործակալական ցանցի բացահայտմամբ՝ մեր դեմ գործեր սարքելու փոխարեն։ Այս մասին մայիսի 20-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ընթացող քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով մամուլի այն լուրերին, թե ուժային կառույցներին հանձնարարվել է առավելագույնս խստացնել ընդդիմադիր դաշտի ձերբակալությունները՝ քաղաքական գործիչն ընդգծել է, որ աշխատանքի այդ մեթոդը ռեժիմի համար դարձել է սովորական ձեռագիր։ Այդուհանդերձ, Կարապետյանը նշել է, որ նման քաղաքական ձերբակալությունները տալիս են ուղիղ հակառակ արդյունքը. դրանք միայն ավելի են մոտիվացնում ու ոգևորում քաղաքացիներին, որ վերջիններս օր առաջ փոխեն այս իշխանությանը, որն իր խնդիրները փորձում է լուծել բացառապես բանտերով։
Կարապետյանը խորին վրդովմունք է հայտնել, որ երկրում արձանագրվում է թմրամոլության կտրուկ՝ երեք-չորսապատիկ աճ, իսկ հենց Աջափնյակում պարբերաբար փոխհրաձգություններ են տեղի ունենում, մինչդեռ ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները զբաղված են միայն ընդդիմադիրներին հալածելով։
Նա ընդգծել է, որ ուժայինները չեն բռնում նրանց, ովքեր թմրանյութեր են վաճառում և հենց դպրոցներում երիտասարդներին կախվածության մեջ գցում, թեև հայ հասարակությանն ու հայ ընտանիքներին այս արատը պատմականորեն երբեք մոտ չի եղել, իսկ դրա ներկայիս մասշտաբները գործող ղեկավարության վախեցնող «ձեռքբերումն» են։
Զրույցի ընթացքում մամուլի ներկայացուցիչները Կարապետյանին խնդրել են մեկնաբանել նաև գաղտնալսումների թեմայով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ վերջինս պնդում էր, թե Նարեկի հայրը՝ Կարեն Կարապետյանը, «հարկ չի համարում ոտքով քայլել երթերին», քանի որ նրա թիմն իբր պարզապես վճարում է մարդկանց մասնակցության համար։ Նարեկ Կարապետյանը վճռականորեն հերքել է այս խոսքերը՝ հետաքրքրվելով, թե որտեղից Փաշինյանին նման անհեթեթ տվյալներ և կոնկրետ ում են փողեր բաժանվել։ Նա պարզաբանել է, որ իր հայրը ոտքերի հետ կապված հին խնդիրներ ունի, ինչի պատճառով ֆիզիկապես չի կարող երկար կանգնել կամ քայլել, իսկ տարեց մարդու առողջական վիճակի թեմայով շահարկումներ անելը ցինիզմի գագաթնակետն է։
Կարապետյանն անդրադարձել է նաև «The Insider» պարբերականի աղմկահարույց հրապարակումների և իր հարազատների՝ ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ) հետ հնարավոր կապերի մասին լուրերին՝ ընդգծելով, որ հասարակությունը կարող է բացարձակապես վստահ լինել իր ընտանիքի մաքրության վրա, քանի որ նրանք միշտ էլ զբաղվել են բացառապես օրինական բիզնեսով։ Ի հակակշիռ դրա՝ քաղաքական գործիչն իրավապահներին կոչ է արել մանրամասն քննել հայ-թուրքական բանակցությունների վրա ուղղակի ազդեցություն ունեցող կառավարող թիմի ներկայացուցիչների անցյալը։ Մասնավորապես, նա մատնանշել է որոշ պաշտոնյաների թուրքական կրթության վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած փաստերը՝ նշելով, որ այդ մարդիկ մինչ օրս նույնիսկ բարեհաճ չեն գտնվել պատասխանել հանրությանը, թե ինչու են իրենց խաբել։ Ցուցակը գլխավորող գործչի կարծիքով՝ իշխանության միջանցքներում թշնամու թաքնված ազդեցության վերացումը ազգային անվտանգության գլխավոր ու առաջնահերթ խնդիրն է։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր անհայտ ծագման մի փաստաթուղթ և հարցադրում արել. «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»։ Այս գրառումից կարճ ժամանակ անց Նարեկ Կարապետյանը հայտարարել էր. «Ալե՛ն Ռոբերտովիչ, մի՛ արեք նման բաներ։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից այլ քաղաքացիություն չունեմ, և իմ կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։ Ուշ երեկոյան հարցին անդրադարձել էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԿԸՀ ներկայացուցիչները փաստել էին, որ հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով, թեկնածուների գրանցման գործընթացում ստուգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի՝ բացառապես ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ փաստաթղթերը։ Բնականաբար, ԿԸՀ-ն կարող էր գրանցել նրան միայն ՆԳՆ համապատասխան ստորաբաժանման կողմից տրված այն տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հաստատում են վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունենալն ու երկրում մշտապես բնակվելը, ինչն էլ արվել էր։ Այդուհանդերձ, մայիսի 20-ի առավոտյան Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել Նարեկ Կարապետյանի կողմից «այլ պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը թաքցնելու» փաստով։
Source: https://news.am/hy/news/1036943
Armenia
Իշխանական շարքերում կան մարդիկ, որոնք կրթություն են ստացել Թուրքիայում, իսկ հիմա դա հերքում են՝ ավելի լավ է նրանց բացահայտեն․ Նարեկ Կարապետյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։