Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրի նախագիծը ներառում է 60-օրյա զինադադարի (այդ թվում՝ Լիբանանում) և ծովային շրջափակման դադարեցման մասին կետեր։ Այս մասին մայիսի 27-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալաեդդին Բորուջերդին։

«Ըստ համաձայնագրի նախագծի՝ Վաշինգտոնը պարտավորվում է ապահովել 60-օրյա համապարփակ հրադադար, որը տարածվելու է նաև Լիբանանի վրա, ինչպես նաև Իրանի սառեցված ակտիվների զգալի մասի ապասառեցումը և ծովային շրջափակման վերացումը»,- նրա խոսքերն է մեջբերում Al Mayadeen հեռուստաալիքը X սոցիալական ցանցում։

Բորուջերդին հավելել է, որ իր երկրի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները մտադիր չեն որոշումներ կայացնել՝ հիմնվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի էմոցիոնալ հրապարակումների վրա։

Նա ընդգծել է, որ ցանկացած ստորագրվելիք համաձայնագիր հարգելու է Իրանի «կարմիր գծերը», ինչպես նաև պաշտպանելու է երկրի ազգային շահերն ու ժողովրդի իրավունքները։

Source: https://news.am/hy/news/1038745