Իրանի դեմ պատերազմի ելքը կասկածի տակ դրեց արտաքին պաշտպանության և ռազմական ազդեցության մասին նախկին պատկերացումները։ Այս հակամարտությունը Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) կարևոր դասեր տվեց աշխարհագրական գործոնի, կայունության և տարածաշրջանային փոխգործակցության դերի վերաբերյալ։ Այս մասին ասված է իրանական «Mehr» լրատվական գործակալության խմբագրական հոդվածում։

««Քառասունօրյա պատերազմը» Իրանի և Միացյալ Նահանգների ու իսրայելական վարչակարգի կոալիցիայի միջև ընթացող սոսկ ռազմական դիմակայություն չէր։ Այն վերածվեց մի թատերաբեմի, որը ջրի երես հանեց տարածաշրջանի թաքնված իրողությունները։ Այս ծանր փորձության ընթացքում տարածաշրջանային շատ խաղացողներ, որոնք վերջին տարիներին փորձում էին իրենց դիրքավորել որպես Արևմտյան Ասիայի ազդեցիկ տերություններ, բախվեցին դաժան աշխարհաքաղաքական փաստերի։ Նրանց թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ԱՄԷ-ն։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում այս երկիրը, հենվելով իր տնտեսական հարստության, ինչպես նաև Վաշինգտոնի ու Թել Ավիվի հետ ունեցած ռազմավարական կապերի վրա, ձգտում էր տարածաշրջանային դասավորություններում սեփական բնական կշռից ավելի մեծ դեր խաղալ։

Վերջին տարիներին Աբու Դաբիի իշխանությունները ելնում էին այն կանխավարկածից, թե կարող են արտաքին աջակցության հաշվին լրացնել իրենց աշխարհաքաղաքական ու ժողովրդագրական սահմանափակումները։ Արդյունքում՝ ԱՄԷ-ի արտաքին քաղաքականությունն աստիճանաբար հեռացավ տարածաշրջանային համագործակցության սկզբունքներից և թեքվեց դեպի արտատարածաշրջանային տերությունների իրավիճակային ու քաղաքական նախագծերին մասնակցելու կողմը։ Այս քաղաքականության հետքերը կարելի է տեսնել ամենուր՝ Լիբիայից ու Սուդանից մինչև Եմեն և Աֆրիկյան եղջյուր։ Սակայն «Քառասունօրյա պատերազմը» ակնառու կերպով ցույց տվեց, որ արտաքին խաղացողների վրա խաղադրույք կատարելը երկարաժամկետ անվտանգություն և կայուն ազդեցություն չի երաշխավորում։

Այս պատերազմի գլխավոր դասերից մեկն այն է, որ գերտերություններն իրենց դաշնակիցներին աջակցում են միայն այնքան ժամանակ, քանի դեռ դա բխում է սեփական շահերից։ Ճգնաժամային պահերին նրանց առաջնահերթությունը միշտ էլ սեփական անվտանգության պաշտպանությունն է, այլ ոչ թե տարածաշրջանային գործընկերների անվտանգության ապահովումը։ Արևմտյան Ասիայի վերջին տասնամյակների փորձը բազմիցս հաստատել է այս ճշմարտությունը։ Պատմության ամենատարբեր փուլերում ԱՄՆ-ն ապացուցել է, որ ռազմավարական տեղաշարժերի ու իրավիճակի փոփոխության դեպքում պատրաստ է զոհաբերել նույնիսկ ամենամոտ դաշնակիցներին։

Այդուհանդերձ, տպավորություն է ստեղծվում, թե ԱՄԷ քաղաքական էլիտայի մի հատվածը դեռ հավատում է, որ Վաշինգտոնի ու Թել Ավիվի հետ մերձեցումը կարող է իրենց անվտանգության յուրօրինակ ռազմավարական երաշխիքներ տալ։ Այս տրամաբանության շրջանակում կարելի է դիտարկել անվտանգության համաձայնագրերը, հետախուզական համագործակցությունն ու իսրայելական վարչակարգի հետ հարաբերությունների կարգավորումը։ Սակայն «Քառասունօրյա պատերազմը» ցույց տվեց, որ նման հաշվարկները հակասում են տարածաշրջանում տիրող իրական դրությանը։

Ամբողջ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի և իսրայելական վարչակարգի առանցքային նպատակներից մեկը տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխությունն էր։ Նրանք կարծում էին, որ զանգվածային ռազմական ճնշման միջոցով կկարողանան թուլացնել Իրանի դիրքերն ու տարածաշրջանին պարտադրել իրենց համար ցանկալի կարգուկանոն։ Տարածաշրջանային առանձին խաղացողներ նույնպես ակնկալում էին, որ հարելով այս նախագծին՝ իրենք իշխանության ու ազդեցության ավելի մեծ բաժին կստանան։ Սակայն վերջնական արդյունքը լիովին այլ եղավ։

Այս պատերազմի թե՛ պաշտոնական, թե՛ քողարկված նպատակների տապալումն ապացուցեց, որ տարածաշրջանում իշխանության կառուցվածքը շատ ավելի բարդ է, և այն հնարավոր չէ վերաձևել ռազմական գործողությունների կամ արտաքին դաշինքների միջոցով։ Այս իրողությունն առանձնահատուկ կարևոր է ԱՄԷ-ի համար, քանի որ վերջին տարիներին նրա արտաքին քաղաքականության զգալի մասը հիմնված էր այն կանխավարկածի վրա, թե արտաքին աջակցությամբ հնարավոր է փոխել տարածաշրջանային հավասարակշռությունը։

Այնուամենայնիվ, աշխարհագրությունն իր տրամաբանությունն ունի։ ԱՄԷ-ն գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ նրա անվտանգությունն ուղղակիորեն կախված է նախևառաջ սեփական շրջապատի կայունությունից։ Երկիրը չունի ո՛չ զգալի ռազմավարական խորություն, ո՛չ մեծաթիվ բնակչություն, ո՛չ էլ ռազմական այնպիսի ներուժ, որը համադրելի կլիներ տարածաշրջանի առանցքային տերությունների հնարավորությունների հետ։ ԱՄԷ-ի հզորության մեծ մասը խարսխված է տնտեսության, առևտրի, ներդրումների և իր տարանցիկ դերի վրա։ Հետևաբար, տարածաշրջանային ցանկացած լայնամասշտաբ անկայունություն կարող է հարվածել Աբու Դաբիի շահերին շատ ավելի ուժգին, քան բազմաթիվ այլ պետությունների շահերին։

Այդ պատճառով երկրի ապագան լարվածություն ծնող նախագծերի ու օտարերկրյա ռազմական դաշինքների հետ կապելը երկարաժամկետ հեռանկարում չի բխում ԱՄԷ ազգային շահերից։

«Քառասունօրյա պատերազմի» փորձը ցույց տվեց, որ տարածաշրջանային ցանկացած խոշոր հակամարտություն ունակ է ակնթարթորեն կաթվածահար անել տնտեսական անվտանգությունը, էներգետիկան, առևտուրն ու ներդրումները, այսինքն՝ հենց այն ոլորտները, որոնք կազմում են ԱՄԷ հզորության հիմքը։

Մյուս կարևոր ասպեկտն այն է, որ «Քառասունօրյա պատերազմը» կրկին ապացուցեց՝ Արևմտյան Ասիայում իրական ուժը չի բխում միայն առաջատար ռազմական տեխնիկայից կամ արտաքին աջակցությունից։ Ազգային կամքը, ներքին ներուժը, հասարակության համախմբվածությունն ու արտաքին ճնշմանը դիմակայելու կարողությունը դեռևս մնում են հզորության կարևորագույն բաղադրիչները։ Այս պատերազմը կասկածի տակ դրեց բազմաթիվ հաշվարկներ, որոնք հիմնված էին բացառապես տեխնոլոգիական գերազանցության կամ համաշխարհային տերությունների աջակցության վրա։

ԱՄԷ-ի համար այս փաստը պետք է լուրջ նախազգուշացում լինի։ Մի երկիր, որի անվտանգությունն ու կայունությունը մեծապես կախված են արտաքին միջավայրից, չի կարող անվերջ առճակատման քաղաքականություն վարել։ Որքան մեծ լինի անդունդը Աբու Դաբիի որդեգրած կուրսի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունների միջև, այնքան բարձր կլինի այդ խզման գինը։

Վերջին տարիներին նկատելի են դարձել ԱՄԷ արտաքին քաղաքականության որոշ ասպեկտների վերանայման նշաններ։ Այս համատեքստում են տեղավորվում տարածաշրջանի մի շարք երկրների հետ լարվածությունը նվազեցնելու ջանքերն ու հարևանների հետ տնտեսական կապերի ընդլայնումը։ Այդուհանդերձ, «Քառասունօրյա պատերազմը» ցույց տվեց, որ այս գործընթացն ավելի մեծ խորություն ու լրջություն է պահանջում։

Պարսից ծոցում հարատև անվտանգությունը ձեռք է բերվում ոչ թե օտարերկրյա դաշինքների, այլ հենց տարածաշրջանի պետությունների միջև համագործակցության միջոցով։ Պատմական փորձը նույնպես փաստում է, որ արտատարածաշրջանային տերությունների ներկայությունը, որպես կանոն, սրել է ճգնաժամերը, այլ ոչ թե նպաստել լարվածության թուլացմանը։ Ամեն անգամ, երբ տարածաշրջանի երկրներն ի վիճակի են եղել երկխոսության ու համագործակցության միջոցով հարթել իրենց տարաձայնությունները, կայունությունն ամրապնդվել է՝ բացելով տնտեսական ավելի լայն հնարավորություններ։

Ռազմավարական տեսանկյունից «Քառասունօրյա պատերազմի» գլխավոր դասն ԱՄԷ-ի համար այն է, որ անվտանգությունը հնարավոր չէ գնել։ Զենքի մատակարարման ոչ մի պայմանագիր, անվտանգության ոչ մի համաձայնագիր կամ արտաքին աջակցություն չի փոխարինի հարևանների հետ կայուն ու կառուցողական հարաբերություններին։ Այն պետությունները, որոնք իրենց անվտանգությունը կառուցում են ուժերի արհեստական հավասարակշռության վրա, միջազգային պայմանների փոփոխության դեպքում անխուսափելիորեն կբախվեն լուրջ խոցելիության։

Այսօր Աբու Դաբին կանգնած է կարևոր ընտրության առջև։ Առաջին ուղին նախկին քաղաքականության շարունակումն է, որը երկիրը ներքաշում է արտատարածաշրջանային նախագծերի մեջ և անուղղակիորեն դարձնում մեծածախս մրցակցության մասնակից։ Երկրորդ ուղին տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ շարժվելն է, աշխարհաքաղաքական իրողությունները հարգելն ու հարևանների հետ կայուն հարաբերությունների մեջ ներդրումներ անելը։

«Քառասունօրյա պատերազմը» ցույց տվեց, որ Արևմտյան Ասիայի ապագան որոշվելու է հենց տարածաշրջանի ժողովուրդների, այլ ոչ թե արտաքին ուժերի կողմից։ Այն երկիրը, որը մյուսներից շուտ կգիտակցի այս իրողությունը, ավելի քիչ կորուստներ կկրի և զարգացման ու կայունության ավելի մեծ հնարավորություններ կստանա։

ԱՄԷ-ի համար սա, թերևս, անցած պատերազմի ամենագլխավոր ազդակն է. տարածաշրջանում հաստատուն դիրքի հնարավոր է հասնել համագործակցության ու համակեցության, այլ ոչ թե այնպիսի նախագծերին կապված լինելու միջոցով, քանի որ դրանց ճակատագիրը վճռվում է հեռավոր մայրաքաղաքներում։

Եթե Աբու Դաբիի ղեկավարներն այս ազդակին ամենայն լրջությամբ վերաբերվեն, «Քառասունօրյա պատերազմը» կարող է ելակետ դառնալ երկրի արտաքին քաղաքականության ռազմավարական վերագնահատման համար. մի վերագնահատման, որը ձեռնտու կլինի ոչ միայն հենց ԱՄԷ-ին, այլև ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը»։

Source: https://news.am/hy/news/1040610