Ինչու միայն Նիկոլ Փաշինյանի ասելուց հետո որոշեցիք վերջին օրով դիմել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով։ Այս հարցը լրագրողներն այսօր ուղղեցին «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներին։
Ի պատասխան կուսակցության անդամ Գրիգոր Առաքելյանն ասաց. «Նախ ուզում եմ ասել, որ անկախ նրանից՝ մենք դիմում կներկայացնենք գրավոր թե ոչ, միջոցներ ձեռնարկելու պոզիտիվ պարտականությունը, ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այսինքն, մենք այստեղ ենք զուտ պահանջելու և աջակցելու, խթանելու, որպեսզի ԿԸՀ–ն 100%-ով փորձի իրականացնել իր պարտականությունները։
Ինչ վերաբերվում է ավելի վաղ դիմել չդիմելուն, բազմիցս Արամ Զավենի Սարգսյանը բարձրաձայնել է բոլոր այս խնդիրների մասին։ Կոռուպցիոն այս երևույթները, որոնց մասին հասարակական ողջ դաշտը պարբերաբար բարձրաձայնում է, հանրությանը քաջ ծանոթ է։
Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանրային իշխանությունները պարտավոր են ապահովել ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի իրացումը քաղաքացիների։ Հիմա այդ բոլոր տեղեկատվական ինֆորմացիայի լույսի ներքո արդյո՞ք դուք չեք գտնում, որ օրինակ քաղաքացիների ընտրելու հավասար իրավունքը, ընտրելու ազատության իրավունքը խախտվում է։ Արդյոք չեք գտնո՞ւմ, որ երբ քաղաքական ուժերից մեկը իր նախընտրական քարոզարշավի վրա ծախսում է ասենք 800 միլիոն դրամը շոշափելիորեն գերազանցող միջոցներ, իսկ մյուսները չունեն այդ գումարային միջոցներ, այստեղ հավասարության սկզբունք չի խախտվո՞ւմ։
Դիտարկմանը, որ իրենց այս քայլով իրենք աջակցում են ՔՊ–ին՝ դուրս թողնելու ՔՊ–ի հիմնական մրցակից ուժին, Առաքելյանը պատասխանեց. «Ես կփորձեի հակառակ թևից դա բնորոշել, ընդհակառակը, մենք, այսպես ասած, տալիս ենք քարտ բլանշ, որպեսզի պահանջենք ակտիվ գործողություններ հանրային իշխանությունը ստանձնած քաղաքական ուժից։ Իրավապահ համակարգը պետք է լինի զգոն, սթափ, որպեսզի կանխի կոռուպցիոն բնույթի ցանկացած դրսևորում ՀՀ–ում։ Իշխանությունը պարտավոր է ապահովել հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի ընտրական իրավունքը իրացնելու համար»։
Իր հերթին փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց. «Այս հարցը մասնագիտական տեսանկյունից քննարկվում է առնվազն երեք շաբաթ։ Այդ որոշումը վերջնականապես հասունացավ երկու օր առաջ դեպքի բացահայտմամբ, երբ պարզվեց, որ մեկ միլիարդ դրամը գերազանցող միջոցներ են ծախսվել, այսպես ասած, արտահիմնադրամային բյուջեից։ Բոլորիդ հայտնի է այդ դեպքը, ձերբակալության դեպք է եղել, և այն գումարը, որի մասին բացահայտում արվել է, չափազանց էական է, այն գերազանցում է կուսակցությունների համար թույլատրված հիմնադրամի առավելագույն շեմը։ Այդ երեք շաբաթվա քննարկումները եկան իրենց հանգուցալուծման մեկ-երկու օր առաջ և այսօր հնարավոր եղավ դրանք ամփոփել և դիմել ԿԸՀ»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ «Հանրապետություն» կուսակցությունն այսօր՝ հունիսի 5–ին, դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։
Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կոչ է արել այդ հարցով դիմել ԿԸՀ։
Source: https://news.am/hy/news/1041259