Այս մասին գրել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը մի շարք հարցադրումներ է արել կապված բջջային սարքերի IMEI համարների գրանցման և վերահսկման միասնական պետական համակարգ ստեղծելու մասին օրինագծի հետ։
Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ նախագծի հեղինակներ,
Հաշվի առնելով առաջարկվող կարգավորման կարևորությունը և այն հանգամանքը, որ այն վերաբերում է հարյուր հազարավոր քաղաքացիների, բջջային կապի օպերատորներին և հեռախոսների առևտրին, կարծում եմ՝ նպատակահարմար կլինի մինչև Ազգային ժողովում մանրամասն քննարկումների մեկնարկը հրապարակայնորեն պատասխանել մի շարք հիմնարար հարցերի։
Եթե այս հարցերի պատասխանները հայտնի լինեն նախապես, դա կարող է էապես կրճատել խորհրդարանական քննարկումների տևողությունը, բարձրացնել դրանց մասնագիտական մակարդակը և նպաստել ավելի հիմնավորված որոշումների կայացմանը։
1. Արդյո՞ք IMEI-ների պետական գրանցման համակարգի ներդրումը բխում է ԵԱՏՄ իրավունքի կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որևէ պարտադիր ակտից։ Եթե այո, խնդրում եմ նշել այդ ակտի համարը և համապատասխան դրույթը։
2. Եթե նման պարտադիր ակտ գոյություն չունի, ապա ինչո՞վ է պայմանավորված հենց այս կարգավորման մոդելի ընտրությունը, և ինչո՞ւ չեն ընտրվել այլընտրանքային մոտեցումներ, այդ թվում՝ Եվրոպական միության բազմաթիվ երկրներում կիրառվող մոդելները։
3. Ե՞րբ է նախատեսվում IMEI-ի պետական գրանցումը՝ ներմուծման պահին, թե՞ միայն Հայաստանի ներքին շուկայում շրջանառության մեջ դրվելու պահին։ Եթե գրանցումը կատարվելու է ներմուծման պահին, ապա ինչպիսի՞ կարգավորում է նախատեսվում այն հեռախոսների IMEI-ների համար, որոնք չեն իրացվելու Հայաստանի ներքին շուկայում և հետագայում ամբողջությամբ կարտահանվեն կամ կվերաարտահանվեն։ Կմնա՞ն արդյոք դրանց IMEI-ները Հայաստանի պետական ռեեստրում, թե՞ նախատեսվում է դրանց դուրսբերման կամ հաշվառումից հանելու որևէ մեխանիզմ։
4. Եթե հեռախոսները ԵԱՏՄ միասնական մաքսային տարածք են ներմուծվել այլ անդամ պետության (օրինակ՝ Բելառուսի) միջոցով և այնուհետև օրինական կերպով տեղափոխվում են Հայաստան, ինչպե՞ս է աշխատելու առաջարկվող համակարգը։
5. Նախատեսվո՞ւմ է ԵԱՏՄ մակարդակով IMEI-ների միասնական ռեեստրի կամ տվյալների փոխանակման միասնական համակարգի ստեղծում։ Եթե այո, ապա ո՞ր փուլում է գտնվում այդ գործընթացը։
6. Ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին տարիներին Հայաստան ներմուծվող բջջային հեռախոսների զգալի մասը հետագայում արտահանվում կամ վերաարտահանվում է։ Ունե՞ք գնահատական, թե ներմուծվող սարքերի IMEI-ների մոտավորապես քանի՞ տոկոսն է վերջնականապես օգտագործվում Հայաստանում, և քանի՞ տոկոսը՝ Հայաստանի սահմաններից դուրս։
7. Արդյո՞ք այսօր բջջային օպերատորները SIM/eSIM քարտի ակտիվացման պահին տեխնիկապես կապում են բաժանորդին տվյալ սարքի IMEI-ի հետ։ Եթե այո, ապա գործող մեխանիզմների համեմատ ի՞նչ լրացուցիչ արդյունք է ապահովելու IMEI-ների կենտրոնացված պետական ռեեստրի ստեղծումը։
8. Ունե՞ն արդյոք Հայաստանի բջջային օպերատորները տեխնիկական և իրավական հնարավորություն օգտվելու GSMA-ի Device Registry / IMEI Database համակարգից՝ ստուգելու սարքերի IMEI-ները և արգելափակելու միայն այն սարքերը, որոնք միջազգային տվյալների բազաներում նշված են որպես գողացված կամ ունեն անվավեր IMEI։ Եթե այո, արդյո՞ք այս տարբերակը գնահատվել է որպես հնարավոր այլընտրանք։
9. Եթե Հայաստանի օրինական վաճառողից հեռախոս գնելիս գնորդի անձնական տվյալները չեն կապակցվելու տվյալ սարքի IMEI-ին պետական տեղեկատվական համակարգում, ապա ինչպե՞ս է նախատեսվում վարվել այն սարքերի դեպքում, որոնք քաղաքացիները ներմուծում են ինքնուրույն։ Նախատեսվո՞ւմ է այդ դեպքերում IMEI-ի կապակցում ներմուծողի անձնական տվյալների հետ։
10. Եթե Հայաստանը հրաժարվի IMEI-ների պետական գրանցման համակարգից, կարո՞ղ է դա որևէ կերպ սահմանափակել Հայաստանից բջջային հեռախոսների օրինական արտահանումը կամ վերաարտահանումը դեպի այն երկրները, որտեղ գործում են ազգային IMEI-ների գրանցման համակարգեր։ Եթե այո, խնդրում եմ ներկայացնել այդ կապի իրավական և տեխնիկական հիմնավորումը։
Կարծում եմ՝ այս հարցերի հրապարակային պարզաբանումը կարևոր է ոչ միայն օրինագծի բովանդակությունը գնահատելու, այլև հասկանալու համար, թե ինչ խնդիր է այն իրականում լուծում, ինչ այլընտրանքներ են քննարկվել և ինչու է ընտրվել հենց այս կարգավորման մոդելը։
IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան
Source: https://news.am/hy/news/1047258