Մեկժամյա ընդմիջումից հետո Հայաստանի Սահմանադրական դատարանը շարունակել է այն քաղաքական ուժերի հայցով նիստը, որոնք պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։
Հիշեցնենք, որ այժմ այն փուլն է, երբ ՍԴ դատավորները հարցեր են ուղղում կողմերին։
Դատավոր Արթուր Վաղարշյանն ի թիվս այլ հարցերի՝ որոշել է պարզել կողմերի դիրքորոշումն այն մասին, թե ով է հայաստանցի քաղաքացին ու ընտրողը, և ինչպես է նա կատարում իր ընտրությունը։ Դատավորը խնդրել է տեսակետները ներկայացնել համառոտ։ Հիմնավորելով հարցի պատճառը՝ նա նշել է, որ հայցադիմումներին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, թե ընտրողները ինչ-որ «զոմբիներ» են, որոնք վախեցել են ինչ-որ հայտարարություններից, կամ էլ ում թոշակը 5 հազար դրամով բարձրացրել են, և նա ուրախությունից վազել է քվեարկելու։ «Դուք ի՞նչ է, մարդկանց ռոբոտների տե՞ղ եք դնում։ Իսկ մի՞թե հնարավոր չէ, որ ատելության խոսքը հակառակ արդյունքն ունենար։ Ինչո՞ւ եք միայն այդպիսի գնահատական տալիս։ Դուք թերագնահատում եք քաղաքացուն»,- դժգոհել է Վաղարշյանը։
Քանի որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը՝ որպես ընտրողների համակրանքը շահելու օրինակ, մատնանշել էր այնպիսի միջոցառումներ, ինչպիսին է Ջենիֆեր Լոպեսի համերգը, դատավորը վստահեցրել է, որ ինքն անձամբ նման բանի չէր խաբվի։ Նա, ով կփորձեր ինձ գրավել Ջենիֆեր Լոպեսի համերգով, իմ աչքից միայն կընկներ, հայտարարել է Վաղարշյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ հիշեցրել է, որ հայ ընտրողները վերջին տարիներին բազմաթիվ ողբերգական իրադարձությունների են ականատես եղել՝ պատերազմից ու զոհերից մինչև գերության մեջ գտնվող հայրենակիցներ։ Եվ այս համատեքստում երկրի ամենատեղեկացված մարդը վստահեցնում է, որ եթե իրեն չընտրեն, պատերազմ է լինելու։
Բարգավաճ Հայաստան կուսակցություն ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ներկայացրել է ընտրողների վերաբերյալ վիճակագրական տվյալներ՝ ըստ սեռի, տարիքի, կրթության և եկամտի։ «Եվ նրանց գրեթե 100 տոկոսը չունի ՍԴ դատավորի երաշխիքներ, չի ստանում ՍԴ դատավորի աշխատավարձ, չունի համապատասխան կրթական մակարդակ և իրավագիտության ոլորտում ձեր ունեցած գիտելիքները, որպեսզի գնահատի, թե այս կամ այն խոսքը (ատելության հռետորաբանությունը) ինչպես կազդի իր վրա։ Հետևաբար, երբ քննարկում ենք, թե այդ հռետորաբանությունն ինչպիսի ազդեցություն է ունեցել, հարցն այն է՝ կիրառվել են արգելվա՞ծ գործիքներ, թե՞ ոչ։ Քաղաքական դաշտում կան թույլատրելի գործիքներ»,- նշել է իրավաբանը։ Նա հիշեցրել է գիտության հսկայական մի ճյուղի՝ վարքագծային սոցիոլոգիայի գոյության մասին։ Որպես մանիպուլյացիայի թույլատրելի գործիքի օրինակ՝ նա մատնանշել է խանութի մուտքի մոտ հացաբուլկեղենի բաժիններ տեղադրելը, քանի որ թարմ հացի գրավիչ բույրը նպաստում է գնորդների թվի ավելացմանը։ «Բայց կան նաև արգելված գործիքներ։ Ո՛չ մեզ մոտ, ո՛չ էլ այլ երկրներում չկան «ռոբոտ-ընտրողներ», որոնք ընդունակ կլինեին վերլուծել, հաշվարկել և գնահատել»,- նշել է Օրբելյանը։ Թվարկելով նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի հնչեցրած մի քանի աղմկահարույց հայտարարությունները, ինչպիսիք են՝ «ասֆալտին փռելու», «պատերով տալու» և բանտարկելու խոստումները, փաստաբանը նշել է. «Ձեր նշած հռետորաբանությունն իմ, ինչպես նաև բավականին մեծ թվով մարդկանց շրջանում հակակրանք է առաջացրել։ Սակայն բնակչության մի ստվար զանգվածի մոտ էլ նման հայտարարությունները վախ են առաջացրել»։ Իրավաբանն ընդգծել է, որ հետազոտություններն ապացուցում են, որ կիրառված գործիքակազմն ազդել է ընտրողների կողմնորոշման վրա։
«Ոչ ոք էլ չի կարծում, թե ընտրողը զոմբի է։ Սակայն հայաստանցի ընտրողը ծայրահեղ խոցելի է. նա պաշտպանության կարիք ունի»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ ընտրողը հույս ունի, որ Սահմանադրական դատարանը կպաշտպանի իր ընտրությունն ու կամքը՝ դրանց վրա «ոտքեր մաքրելու» փորձերից։
Source: https://news.am/hy/news/1046657