Համապետական ընտրություններում և հանրաքվեներում քվեարկելու իրավունքը կտրամադրվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու, այլև կեցության ցենզը պահպանելու դեպքում։ Այդ մասին հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ Ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավոր, փաթեթի համահեղինակներից մեկը՝ Ալխաս Ղազարյանը։
Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ սա պետք է հնարավորություն տա հաստատելու քաղաքացու իրական կապը պետության հետ՝ տնտեսական (օրինակ՝ հարկերի վճարման միջոցով), սոցիալական և հասարակական-քաղաքական։ Բացառություն է առաջարկվում անել միայն այն պետական ծառայողների համար, որոնք արտերկրում են գտնվել ծառայողական պարտականությունները կատարելու բերումով։
Օրինագծի հեղինակները՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլակյանը, առաջարկում են սահմանել ընտրություններից առաջ վերջին մեկ տարում առնվազն 183 օրվա բնակության ցենզ։
Իր հերթին, Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Կառավարության անունից առաջարկեց այլընտրանքային տարբերակ՝ վերջին երկու տարվա ընթացքում երկրում բնակություն առնվազն 366 օր։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը թույլ կտա հաշվի առնել արտերկրում երկարաժամկետ աշխատանքային պայմանագրերով աշխատող քաղաքացիների շահերը։
Ինչպես և ավելի վաղ նախատեսվում էր, բնակության ժամկետի հաշվարկն առաջարկվում է սկսել հերթական ընտրություններից 48 օր առաջ կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ սկսվող օրվանից։
Խորհրդարանական ընդդիմությունը խիստ քննադատությամբ հանդես եկավ այս օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։ Այն այն գնահատեց հակասահմանադրական։ Մասնավորապես, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքում կարծում են, որ նախագիծը փաստորեն միտված է Հայաստանի իշխող քաղաքական էլիտայի՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իշխանության երկարակեցությունն ապահովելուն։ Բացի այդ, ինչպես կարծում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, օրենսդրական փաթեթը, ըստ էության, քաղաքացիների զգալի մասին զրկում է ձայնի իրավունքից։
Իր հերթին, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ են իշխանությունները որոշել քաղաքացիներին զրկել նրանց հիմնարար իրավունքներից մեկից՝ միաժամանակ նրանցից չհանելով պետության հանդեպ ունեցած մի շարք պարտավորություններ։ Օրինակ՝ բանակում պարտադիր ժամկետային ծառայություն անցնելու պարտականությունը։
Source: https://news.am/hy/news/1047339