Հայաստանը շատ սերտ ու ակտիվորեն համագործակցում է ԵԱՏՄ շրջանակներում։ Այս մասին Կառավարության այսօրվա՝ հունիսի 25-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կշարունակենք այս աշխատանքը, որովհետև չենք առաջնորդվում այն կանխավարկածով, թե այնտեղ ինչ-որ անդառնալի բան է տեղի ունեցել, և որ մենք այլևս չպետք է նայենք այդ ուղղությամբ»,- վստահեցրել է Փաշինյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ լուծումներ կգտնվեն։ «Եթե չլինեն լուծումներ, դա լրիվ ուրիշ բան է նշանակում՝ առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության համար։ Ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա։ Եվ Եվրասիական տնտեսական միությունը պետք է այդ հարցին ուղիղ նամյոկով ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա, և մենք՝ որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ-որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել։ Եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի՝ գիտեք ինչ, ես այլևս չկամ, դե եթե իրենք չկան, մենք ի՞նչ կարող ենք անել», - նշել է կառավարության ղեկավարը։
Source: https://news.am/hy/news/1045739