Հոնկոնգում պատրաստվում են բացել առաջին շուրջօրյա կրպակը, որտեղ որպես վաճառող կաշխատի մարդանման ռոբոտը։ Ինչպես իր բլոգում հայտնել է Հոնկոնգի ֆինանսական հարցերով քարտուղարը (նախարարը) Փոլ Չանը (Չեն Մաոբո), այս որոշումը «արտացոլում է քաղաքի ջանքերը՝ արհեստական բանականությունը առօրյա կյանքում ինտեգրելու ուղղությամբ»։

Կրպակը կտեղակայվի Հունհոմ շրջանի ծովափնյա զբոսավայրում, մարդանման վաճառողը կսպասարկի տեղացիներին, ինչպես նաև զբոսաշրջիկներին՝ տարբեր լեզուներով։ «Խանութում շուրջօրյա կաշխատի ռոբոտ, որն ապահովելու է հաճախորդների բազմալեզու սպասարկում»,- գրել է Փոլ Չանը։ «Հոնկոնգի խանութներում ռոբոտների առաջիկա ներդրումը վկայում է արագացող միտման մասին․ արհեստական բանականությունն սկսում է ավելի ու ավելի զգալիորեն մուտք գործել քաղաքացիների առօրյա կյանք»,- հավելել է նա։

Փոլ Չանը նշել է, որ մեգապոլիսի իշխանությունները մտադիր են արագացնել արհեստական բանականության կիրառումը։ Այդ նպատակին հասնելու համար Հոնկոնգում ձևավորվել է արհեստական բանականության և դրա զարգացման ռազմավարության հարցերով հատուկ կոմիտե, որի առաջին նիստը տեղի կունենա այս ամիս։ Կոմիտեի կազմում ընդգրկվել են արհեստական բանականության մասնագետներ, գիտնականներ և արդյունաբերության ներկայացուցիչներ։ Կոմիտեն կուսումնասիրի «արհեստական բանականության կիրառումը և դրա օգտագործման ռազմավարությունները հասարակական կյանքի տարբեր ոլորտներում»,- նշել է մեգապոլիսի ֆինանսական գերատեսչության ղեկավարը։

Source: https://news.am/hy/news/1041888