Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտը ներառվել է թոքերի փոխպատվաստման սպասման ցուցակում առողջական վիճակի վատթարացման պատճառով, հայտնել է Associated Press-ը։
52-ամյա արքայադուստրը տառապում է թոքերի ֆիբրոզով՝ խորացող հիվանդություն, որի դեպքում թոքերի հյուսվածքն աստիճանաբար սպիանում է, ինչը հանգեցնում է շնչառության լուրջ խանգարումների։ Իր ախտորոշման մասին Մետտե-Մարիտն առաջին անգամ հայտնել էր 2018 թվականին։
Արքունիքի հայտարարության համաձայն՝ թագաժառանգ արքայադուստրը ժամանակավորապես դադարեցնում է պաշտոնական պարտականությունների կատարումը։
Նրա վիճակի վերաբերյալ նոր տեղեկություն կհրապարակվի միայն փոխպատվաստման վիրահատությունից հետո։ Դուրս գրվելուց հետո նրան սպասում է վերականգնման երկարատև շրջան։
Ինչպես նորվեգական NRK հեռուստաալիքին հայտնել է Օսլոյի համալսարանական հիվանդանոցի թոքերի հիվանդությունների մասնագետ Արե Հոլմը, վերջին վեց ամիսների ընթացքում հիվանդությունը զգալիորեն խորացել է։
Նրա խոսքով՝ բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին տարվա ընթացքում թոքերում սպիների հյուսվածքի ծավալը էապես մեծացել է։
Հոլմը նշել է, որ պացիենտին թոքերի փոխպատվաստման սպասման ցուցակում ներառելը սովորաբար տեղի է ունենում այն դեպքերում, երբ հիվանդությունը հասնում է ծանր փուլի։
«Որպես կանոն, պացիենտին ներառում են սպասման ցուցակում այն ժամանակ, երբ հիմքեր կան ենթադրելու, որ առանց փոխպատվաստման կյանքի սպասվող տևողությունը կազմում է մոտ մեկ տարի», — պարզաբանել է բժիշկը։
Մետտե-Մարիտը Նորվեգիայի թագաժառանգ արքայազն Հոկոնի կինն է և նորվեգական թագավորական ընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։
Source: https://news.am/hy/news/1041431