Նախագծային աշխատանքի շրջանակներում մեզ էր դիմել Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 դպրոցի աշակերտ Լևոն Նավոյանը խնդրանքով տպագրել իր փոքր հոդվածը «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան. Հրազդան գետի բնապահպանական մարտահրավերները ու կայուն կառավարման հնարավորությունները» թեմայով:
Հրազդան գետը Հայաստանի ամենանշանավոր ու կարևոր գետերից է։ Այն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում է շուրջ 141 կիլոմետր, անցնում Երևան քաղաքով և թափվում Արաքս գետը։ Հրազդանն ունի հսկայական տնտեսական նշանակություն. Արդյունաբերության, հիդրոէներգետիկայի և Արարատյան դաշտի ոռոգման համար։ Սակայն այսօր գետը գտնվում է ծանր աղտոտվածության վիճակում։
Հրազդանի աղտոտումը տեղի է ունենում նրա ամբողջ հունի երկայնքով և գնալով մեծանում է բնակավայրերով և հատկապես մայրաքաղաքով անցնելիս։
Գետ լցվող ամենամեծ սպառնալիքներից մեկը չմաքրված կամ թերի մաքրված կենցաղային կոյուղաջրերն են։
Գետափնյա տարածքներում հաճախ կարելի է տեսնել կուտակված պլաստիկ շշեր, շինարարական աղբ։
Արտանետվող քիմիական նյութերն ու ծանր մետաղները վտանգավոր փոփոխությունների են ենթարկում ջրի բաղադրությունը։
Դաշտերից գետ են հոսում պարարտանյութերի և թունաքիմիկատների մնացորդներ։
Աղտոտվածությունը մեծ հետևանքներ է թողնում գետի և շրջակայքի վրա, թունավոր նյութերի պատճառով կրճատվում են ձկնատեսակներն ու ջրային օրգանիզմները,
Արարատյան դաշտի բանջարանոցային կուլտուրաները ոռոգելիս վնասակար նյութերը կարող են անցնել հողի և գյուղմթերքի մեջ։ Դրա հետևանքով առաջանում է ուժեղ հոտ և հակասանիտարական վիճակ, ինչը վատթարացնում է հարակից շրջանների բնակիչների կյանքի որակը։
Կարելի է մտածել, մտահոգվել այս ստեղծված իրավիճակի համար և առաջարկել մի քանի լուծումներ. օրինակ` կառուցել ժամանակակից մաքրման կայաններ, սահմանել վերահսկողություն և տուգանքներ, իրազեկել բնակչությանը, մաքրման աշխատանքներին մասնակից դարձնել դպրոցականներին, երիտասարդներին։
Source: https://news.am/hy/news/1054210