Հայաստանի իշխանությունները հարվածի տակ են դնում Ռուսաստանում աշխատող 150 հազար ընտանիքների բարեկեցությունը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Ծաղկահովիտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ իշխանությունների գործողությունների հետևանքով Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական բախումների կենտրոն։
Քաղաքական գործիչը նշել է, որ երկու անգամ ստանձնել է երկրի վերականգնման գործը․ առաջին անգամ՝ պատերազմից հետո Արցախում, երկրորդ անգամ՝ դառնալով Հայաստանի նախագահ։ «Երևի ճակատագիր է՝ անել դա երրորդ անգամ»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ այս անգամ ավելի դժվար կլինի։ «1997 թվականին կար ներքաղաքական լարվածություն, բայց ոչ ոք կասկածի տակ չէր դնում՝ մենք հայ ենք, թե ոչ։ Առաջին նախագահը դաշնակցականների հետ լավ չէր, բայց ոչ ոք չէր ասում՝ Արցախը հանձնենք, թուրքի առաջ կզենք։ Հիմա բաժանումը գնում է ինքնության գծով. այն խարխլելն ավելի դժվար է, բայց վերականգնելը՝ առավել ևս»,- նշել է նա։ Նա փաստել է, որ իր նախագահության առաջին տարիներին տարաձայնություններ են եղել առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հետ, բայց խոսք չկար Թուրքիայի հետ եղբայրության կամ երկրի համար վտանգավոր նման հարցերի մասին։ Հիմա վտանգն ավելի մեծ է։ Ռուսաստանի և Արևմուտքի արանքը մտնելը նշանակում է խաղադրույք կատարել հաջողության վրա, և դա պետք է կանգնեցնել, ընդգծել է Քոչարյանը։
Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման մասին՝ քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ամենահամեստ հաշվարկներով Հայաստանի 150 հազար քաղաքացի աշխատում է Ռուսաստանում։ «Այսինքն՝ 150 հազար ընտանիք դրանով է ապրում։ Բազմապատկեք 4-ով՝ այդքան մարդ կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Եթե ուզում ես քաղաքական ուղղություն փոխել՝ նախ լուծիր այդ մարդկանց աշխատանքի հարցը»,- նշել է նա։ Քոչարյանի խոսքով՝ սա աշխարհաքաղաքական կազինո է, որի պարտության համար վճարում է ժողովուրդը։ «Իսկ ինքը միշտ փախչում է, ինչպես փախավ մարտի 1-ին կամ 44-օրյա պատերազմից հետո։ Միգուցե նրա համար արդեն ապաստարան են պատրաստել Անթալիայի առանձնատներից մեկում»,- ենթադրել է Քոչարյանը։
Քաղաքական գործիչը քննադատել է մի շարք նախարարությունների լուծարման վերաբերյալ իշխանությունների քաղաքականությունը՝ նկատելով, որ դա այլ վայրում մշակված ծրագրի իրականացման տպավորություն է թողնում։ «(Փաշինյանի գլխի) պուլտը կա՛մ Ալիևի ձեռքին է, կա՛մ Էրդողանի»,- հավելել է Քոչարյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքական պայքարի մեջ մտնելու որոշումը հայրենասիրական մղումների հետևանք է, Քոչարյանը նշել է. «Եթե հայրենասիրությունը չլիներ, ես այլ վայրում կապրեի»։
Source: https://news.am/hy/news/1037262
Armenia
Հնարավոր է, որ Փաշինյանի համար արդեն ապաստարան են պատրաստել Անթալիայում․ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։