Իսրայելն առնվազն վերջին 15 տարիների ընթացքում պարբերաբար հանդես է եկել նմանատիպ նախաձեռնություններով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ինդոնեզիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ դա գրեթե միշտ պայմանավորված է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների սրմամբ։ «Որպես կանոն, խոսքը քաղաքական առևտրի և պայմանավորվածությունների մասին էր»,- նշել է Աղաջանյանը։

Դիվանագետը, մասնավորապես, ցավ է հայտնել առ այն, որ նման քաղաքականություն է վարում Իսրայելի պես մի երկիր, որի ժողովուրդը վերապրել է Հոլոքոստը, մինչդեռ նացիստներն այն իրագործելիս հենց Հայոց ցեղասպանությունն են ընդունել որպես հիմք։ «Նրանց համար, ցավոք, Հայոց ցեղասպանության ճանաչումը խնդիր է դարձել։ Նրանք, մասնավորապես, կարծում էին, որ այդպիսով հավասարության նշան կդրվի Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև։ Խնդիրն այն է, որ նրանք Հոլոքոստը վերածել են աշխարհաքաղաքական ազդեցության առաջնահերթ գործոնի։ Այս իրավիճակում մենք հերթական անգամ ականատես եղանք, որ նրանց մոտ Թուրքիայի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան։ Այս ողջ ընթացքը լիովին տեղավորվում է աշխարհաքաղաքական ուժերի վերադասավորումների համատեքստում»,- պարզաբանել է նա։

Այս բոլոր քայլերը նա պայմանավորել է Իրանի դեմ ուղղված քաղաքականությամբ, ավելի ճիշտ՝ դրա շարունակությամբ։ Բանն այն է, որ Իրանին հաջողվել է տապալել Թեհրանում իշխանափոխություն իրականացնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերը։ Այդ գործողության մեջ պետք է ներգրավված լինեին նաև Թուրքիան ու Ադրբեջանը, սակայն Վաշինգտոնի և Թել Ավիվի ձախողումները ստիպել են Բաքվին ու Անկարային փոխել իրենց պլանները։

Source: https://news.am/hy/news/1046627