Հայկական ընդդիմությունն, ուզեր թե չուզեր, ընտրություններից հետո ցանկացած պարագայում առաջին հերթին պետք է դիմեր Սահմանադրական դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե» ընդդիմադիր շարժման խորհրդի անդամ Արեգ Սավգուլյանը։

Նրա խոսքով՝ կա հստակ ընթացակարգ, որին անհրաժեշտ է հետևել։ «Եվ այստեղ հարցը ձևականությունը չէ... Նրանք արդեն դիմել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Քաղաքական ուժերը ներկայացրել էին իրենց բողոք-դիմումները։ Մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 4%-ի շեմը չհաղթահարելու վերաբերյալ։ Չէ՞ որ ընդամենը զուտ խորհրդանշական թվով ձայներ էին պետք խորհրդարան անցնելն ապահովելու համար»,- նշել է Սավգուլյանը՝ հավելելով, որ ԿԸՀ-ից հետո, ըստ ընթացակարգի, հաջորդում է Սահմանադրական դատարան դիմելը։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից իրականում դժգոհ է ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխանությունը՝ ի դեմս Հայաստանում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը հույս ուներ զգալիորեն ավելի շատ ձայներ հավաքել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

ՔՊ-ն, ինչպես կարծում է Սավգուլյանը, խորհրդարանական ընտրությունների ընթացքում իր առջև մեկ կոնկրետ նպատակ էր դրել՝ Ազգային ժողովում ապահովել սահմանադրական մեծամասնություն։ «Այս պահանջը, ինչպես բոլորս գիտենք, բխում էր նաև Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության օրակարգից»,- նշել է հասարակական գործիչը՝ մատնանշելով Բաքվի պահանջը, որով Հայաստանը պետք է փոխի իր գործող Սահմանադրությունը Ադրբեջանի համար ավելի ընդունելի տարբերակով։

Այսպիսով, ընդդիմադիր գործիչը չբացառեց ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը՝ Հայաստանի գործող իշխանության «հավանությամբ»։ Նրա կարծիքով՝ իշխանությունը միանգամայն կարող է ՍԴ-ին «ակնարկել»՝ բավարարել ընդդիմության պահանջները։

Source: https://news.am/hy/news/1046873