Լեռները միշտ եղել են հայկական տոկունության խորհրդանիշը, սակայն կան անուններ, ովքեր մեր դրոշը հասցրել են մոլորակի բացարձակ գագաթնակետին: 1999 թվականի Լև Սարկիսովի պատմական ռեկորդից մինչև 2026 թվականի հայաստանյան «երկյակի» աննախադեպ հաղթարշավը՝ Էվերեստի պատմությունը հարստացել է բացառիկ հայկական էջերով։ Այս շարքում բացահայտում ենք այն հերոսներին, ովքեր հաղթահարեցին սառցե քամիներն ու ծայրահեղ փորձությունները՝ աշխարհի տանիքից ապացուցելու համար, որ հայկական կամքը սահմաններ չունի։ Լև Սարկիսով. Էվերեստը նվաճած առաջին հայը Լև Սարկիսովը (Լևոն Սարգսյան) հայկական և համաշխարհային լեռնագնացության լեգենդ է: Պատմական վերելքը Էվերեստ 1999 թ. մայիսի 12-ին դարձավ պատմության մեջ առաջին հայ լեռնագնացը, ով կանգնեց աշխարհի տանիքին: Վերելքի պահին նա 60 տարեկան և 161 օրական էր: Այդ ձեռքբերմամբ նա պաշտոնապես գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես այդ պահին Էվերեստ բարձրացած ամենատարեց մարդը: Վերելքն իրականացրել է հյուսիսային՝ տիբեթյան կողմից, Կովկասի լեռնագնացների միջազգային արշավախմբով՝ Բենիամին Կաշակաշվիլիի գլխավորությամբ: Լև Սարկիսովի համար Էվերեստը «Ձնահովազ» տիտղոսից հետո իր մարզական ուղու տրամաբանական գագաթնակետն էր։ Նա սիրով ընդունեց «Կովկաս-99» միջազգային արշավախմբին միանալու հրավերը, որի նպատակն էր լեռներում համերաշխության գաղափարը տարածելը: Իգոր Խալաթյան. Էվերեստը նվաճած երկրորդ հայը Իգոր Խալաթյանը հայկական լեռնագնացության առանցքային անուններից է։ Նա երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում (Նյու Յորք). մասնագիտությամբ ծրագրավորող է, ՏՏ ոլորտի գործարար և հաջողակ սթարթափների հիմնադիր, ով իր կյանքը սերտորեն կապել է բարձրլեռնային սպորտի հետ: Պատմական վերելքը Էվերեստ 2002 թ. մայիսի 16-ին նվաճեց Էվերեստը՝ դառնալով երկրորդ հայ լեռնագնացը աշխարհում և առաջին հայ-ամերիկացին: Վերելքն իրականացրել է տիբեթյան կողմից՝ հայտնի «7 Summits Club»-ի կազմում՝ Ալեքսանդր Աբրամովի ղեկավարությամբ: (Հետաքրքիր է, որ ճիշտ 14 տարի անց նույն ակումբի ու նույն ղեկավարի հետ գագաթ բարձրացավ նաև Արա Խաչատուրյանը): Իգոր Խալաթյանը առաջին հայ լեռնագնացներից է, ով իրագործեց «Յոթ գագաթներ» (Seven Summits) համաշխարհային մարտահրավերը՝ նվաճելով բոլոր մայրցամաքների ամենաբարձր կետերը։ Կարո Հովասափյանը հայկական և լիբանանյան լեռնագնացության ու սկաուտական շարժման ակնառու դեմքերից է, ով իր ուրույն տեղն ունի աշխարհի տանիքը նվաճած հայերի ցանկում։ 2011 թ. մայիսի 21-ին նա հաջողությամբ բարձրացավ Էվերեստ։ Սա նշանակալի իրադարձություն էր, քանի որ Իգոր Խալաթյանի վերելքից (2002 թ.) հետո շուրջ 9 տարի ոչ մի հայ չէր կանգնել աշխարհի ամենաբարձր գագաթին։ Վերելքն իրականացրել է հարավային երթուղով՝ Նեպալի կողմից, միջազգային հեղինակավոր «International Mountain Guides» (IMG) խմբի կազմում։ Հասնելով գագաթ՝ նա ծածանեց Հայաստանի եռագույնը և ՀՄԸՄ-ի (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն) դրոշը՝ իր հաղթանակը նվիրելով համահայկական սկաուտական և մարզական շարժմանը։ Իրենա Խարազովա. Էվերեստը նվաճած առաջին հայ կինը Իրենա Խարազովան ռուսաստանաբնակ հայտնի լեռնագնաց է, ով պատմության մեջ է մտել որպես աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճած առաջին հայուհին։ Կրթությամբ երկրաբան է (ՄԳՈւ), երկար տարիներ աշխատել է նավթագազային ոլորտում։ 2016 թ. մայիսի 20-ին կանգնեց աշխարհի տանիքին: (Հետաքրքիր է, որ ընդամենը երկու օր անց գագաթ բարձրացավ նաև Արա Խաչատուրյանը): Վերելքն իրականացրել է տիբեթյան կողմից՝ «7 Summits Club»-ի կազմում՝ Ալեքսանդր Աբրամովի ղեկավարությամբ։ Չնայած բնակվում է Մոսկվայում, Իրենան հպարտորեն շեշտում է իր հայկական արմատները (հայրական կողմից Արցախից է)։ Իրենա Խարազովայի ուղին սկսվեց ընկերական մի կատակից՝ Կիլիմանջարո բարձրանալուց, որից հետո լեռները դարձան նրա կյանքի անբաժան մասը։ Շրջադարձային էր հատկապես այն պահը, երբ հերթական թռիչքի ժամանակ նա ինքնաթիռի պատուհանից տեսավ ամպերից վեր խոյացող Էվերեստը. հենց այդ տեսարանն էլ վերջնականապես արթնացրեց աշխարհի տանիքը նվաճելու մեծ երազանքը։ Էվերեստից բացի, Իրենան հաջողությամբ ավարտել է «Յոթ գագաթներ» (Seven Summits) համաշխարհային ծրագիրը՝ նվաճելով բոլոր մայրցամաքների ամենաբարձր կետերը։ Արա Խաչատուրյան Արա Խաչատուրյանը ֆրանսահայ լեռնագնաց, մարզիկ և խաղաղության ակտիվիստ է, ով հայտնի է իր տպավորիչ մարզական ձեռքբերումներով և մարդասիրական մեծ նախաձեռնություններով։ 2016 թ. մայիսի 22-ին նա հաջողությամբ հասավ աշխարհի տանիքին: Իր այս հաղթանակը նա նվիրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությանն ու համաշխարհային խաղաղությանը։ Վրելքն իրականացրել է հյուսիսային՝ տիբեթյան բարդ երթուղով, հանրահայտ «7 Summits Club»-ի կազմում՝ Ալեքսանդր Աբրամովի ղեկավարությամբ։ (Նշենք, որ ընդամենը երկու օր առաջ նույն խմբի հետ գագաթ էր բարձրացել առաջին հայուհին՝ Իրենա Խարազովան): Հասնելով նպատակակետին՝ նա Էվերեստի գագաթին հպարտորեն ծածանեց Հայաստանի, Արցախի և Ֆրանսիայի դրոշները Ավետիս Կալպակլյանը Լիբանանում հայտնի “PMax” էքստրեմալ տուրիզմի և լեռնագնացության ակումբի հիմնադիրն է, փորձառու հրահանգիչ ու մարզիկ, ով մինչ Էվերեստը բազմիցս նվաճել էր Ալպերի, Անդերի և Աֆրիկայի բարդ գագաթները։ 2019 թ. մայիսի 23-ին նա դարձավ աշխարհում 7-րդ հայ լեռնագնացը, ով կանգնեց աշխարհի տանիքին։ Մայիսի 23-ը Էվերեստի պատմության մեջ մտավ որպես ամենածանրաբեռնված օրերից մեկը. ռեկորդային թվով լեռնագնացների պատճառով հայտնի «Հիլարիի քայլի» մոտ մարդկային խցանումներ էին առաջացել։ Նման ճնշող պայմաններում ետդարձը պահանջում էր գերմարդկային կամք։ Վերելքն իրականացրել է «The Lebanese Everest Expedition 2019»-ի կազմում (ուղեկցությամբ՝ «Peak Promotion»-ի)։ Որոշումը վերջնական դարձավ, երբ ձևավորվեց պատմական լիբանանյան արշավախումբը. Ավետիսը ցանկանում էր ոչ միայն իրագործել յուրաքանչյուր լեռնագնացի կյանքի գլխավոր նպատակը, այլև աշխարհի ամենաբարձր կետից ապացուցել, որ լիբանանահայ համայնքն ունի անկոտրում ոգի և ուժ՝ պատվով հաղթահարելու ցանկացած «խցանում» ու ճգնաժամ՝ ինչպես կյանքում, այնպես էլ լեռներում։ Առնո Տեր-Սահակով Առնո Տեր-Սահակովը հայազգի փորձառու լեռնագնաց է, ով իր անունը գրեց Էվերեստի պատմության մեջ հայկական ներկայության ամենահզոր օրերից մեկում։ 2019 թ. մայիսի 23-ին Առնոն կանգնեց աշխարհի տանիքին։ Դա բացառիկ օր էր. մինչ Առնոն գագաթ էր բարձրանում հյուսիսից (Տիբեթ), Ավետիս Կալպակլյանը նույն ժամերին գրոհում էր լեռը հարավից (Նեպալ)։ Վերելքն իրականացրել է տիբեթյան կողմից՝ հանրահայտ «7 Summits Club»-ի կազմում՝ Ալեքսանդր Աբրամովի ղեկավարությամբ։ Ի տարբերություն հարավային կողմի մարդկային խցանումների, հյուսիսային երթուղում գլխավոր մարտահրավերը եղանակն էր. 8700 մետրից բարձր գոտում մոլեգնում էին սառցե ուժեղ քամիներ, ինչը թիմից պահանջեց գերմարդկային կամք։ Առնոյի համար Էվերեստը ոչ թե ակնթարթային ցանկություն էր, այլ լեռների հանդեպ տարիների հասունացած սիրո և ինքնակատարելագործման արդյունք։ Լինելով բարձրլեռնային վերելքների սիրահար՝ նա իր առջև նպատակ դրեց հաղթահարել մոլորակի բարձրագույն կետը հենց տիբեթյան՝ առավել խիստ ու քամոտ երթուղով։ Գևորգ Գասպարյան. Հայաստանաբնակ առաջին հայը աշխարհի տանիքին Գևորգ Գասպարյանը Հայաստանում հայտնի փորձառու լեռնային ուղեկցորդ է և Եղեգիսում «Արևի» էկո-հյուրանոցի հիմնադիրը, ով իրագործեց Հայաստանի լեռնագնացության պատմության ամենասպասված վերելքներից մեկը։ 2024 թ. մայիսի 20-ին Գևորգը դարձավ Հայաստանի Հանրապետությունում ապրող ու գործող առաջին հայ լեռնագնացը, ով նվաճեց Էվերեստը: Գագաթին նա ծածանեց ՀՀ եռագույնը և շարական երգեց։ Վերելքն իրականացրել է հարավից (Նեպալ)՝ «8K Expeditions»-ի կազմում, որը ղեկավարում էր Լակպա Շերպան։ Նույն խմբում էր լեգենդար ուղեկցորդ Պեմա Չհիրինգ Շերպան, ով այդ օրը 25-րդ անգամ հասավ գագաթ։ Գևորգի հաջողությունից ընդամենը մեկ օր անց՝ մայիսի 21-ին, նույն ընկերության մեկ այլ խմբով գագաթ բարձրացավ Հայկ Մարգարյանը՝ կերտելով Հայաստանը ներկայացնող լեռնագնացների աննախադեպ տոնը։ Գևորգի համար Էվերեստը ոչ միայն անձնական երազանք էր, այլև մասնագիտական բարձրագույն կետ։ Հայկ Մարգարյան Հայկ Մարգարյանը տաղանդավոր հայ լեռնագնաց և լեռնային ուղեկցորդ է, ով Գևորգ Գասպարյանի հետ միասին կերտեց ժամանակակից Հայաստանի լեռնագնացության ամենափառահեղ էջերից մեկը։ 2026 թ. մայիսի 21-ին (ցերեկը ժամը 16:00-ին) Հայկը նվաճեց աշխարհի տանիքը՝ Գևորգի հաջողությունից ընդամենը մեկ օր անց։ Սրա շնորհիվ Հայաստանի դրոշը երկու օր անընդմեջ հպարտորեն ծածանվեց մոլորակի գագաթին։ Թեև երկու լեռնագնացներն էլ ներկայացնում էին «8K Expeditions» ընկերությունը և բարձրանում էին հարավից (Նեպալ), անվտանգության նկատառումներով նրանք գործում էին տարբեր ենթախմբերով։ Հայկը մինչև 7000մ բարձրությունը քայլել է առանց թթվածնային բալոնի։ Չնայած սրա պատճառով մինչև 8000մ վերելքը եղել է դանդաղ, իսկ մահվան գոտում ավելացել են նաև մարդկային հերթերը։ Հայկի համար Էվերեստը սեփական ֆիզիկական հնարավորությունների սահմանն ու մասնագիտական առավելագույն նշաձողը ստուգելու մարտահրավեր էր։ Նա որոշեց գնալ այս քայլին՝ ոչ միայն անձնական երազանքն իրագործելու, այլև ցույց տալու, որ հայկական լեռնային դպրոցի ներկայացուցիչներն ունեն բարձրագույն պատրաստվածություն։
Source: https://www.armgeo.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a7%d5%be%d5%a5%d6%80%d5%a5%d5%bd%d5%bf%d5%ab-%d5%a3%d5%a1%d5%a3%d5%a1%d5%a9%d5%ab%d5%b6/