Հայաստանը կշարունակի մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ՝ պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանն ավելի քան երկու տարի է՝ ձեռնպահ է մնում ՀԱՊԿ աշխատանքներից, սակայն դեռ պահպանում է կազմակերպության լիիրավ անդամի իր կարգավիճակը, իրավունքներն ու պարտավորությունները»,— ասել է Զախարովան։

Հայաստանի խորհրդարանը մարտին օրենք էր ընդունել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին, որն ապրիլին վավերացրել էր հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ միաժամանակ թե՛ ԵՄ-ի և թե՛ ԵԱՏՄ-ի հետ մաքսային միության մեջ գտնվելն անհնար է։

ԵԱՏՄ-ից դուրս գալը հղի է Հայաստանի համար առևտրային արտոնությունների կորստով, որոնք երկիրը ստանում է Միությանն անդամակցելու արդյունքում։ Խոսքը, մասնավորապես, անդամ երկրների համար գործող 5%-անոց միասնական ցածր սակագնի և որոշակի դեպքերում ապրանքներն առանց մաքսատուրքի ներկրելու իրավունքի մասին է։

Source: https://news.am/hy/news/1045079