Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, բոլորն էլ ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Արցախը ինքնորոշված ժողովուրդ էր, որի ինքնորոշման ճանաչումը ընթացքի մեջ էր։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա էր ամբողջ բանակցային գործընթացը, սրա մասին էր Մինսկի խմբի գործունեությունը և սրա մասին էին Մադրիդյան սկզբունքները։ Երբ Հայաստանը միակողմանի, առանց իր գործընկերներին տեղյակ պահելու, օրինակ Ռուսաստանին, ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, ամբողջ այդ կոնստրուկցիան փլուզվում է։ Անմիջապես այդ ամբողջ Ղարաբաղյան շարժումը դառնում է սեպարատիստական շարժում, Ղարաբաղի պաշտպանության բանակը դառնում է ապօրինի զինված միավորումներ, Ադրբեջանը կոչեց դա որպես ահաբեկչական միավորումներ և ամբողջ կոնստրուկցիան փլուզվեց»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Ռուսաստանը ճանաչում էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, հետևաբար Պրահայում Փաշինյանի ճանաչել չճանաչելը ոչ մի բան չփոխեց, Քոչարյանն ասաց. «Ես սխեման նկարագրեցի, որ Ռուսաստանը վերջապես առաջարկել էր Լավրովի պլանը, մինչ այդ եղել էին Մադրիդյան սկզբունքները։ Եղել է ինքնորոշման պրոցեսի միջազգային ճանաչում, դա կլիներ 5 տարի հետո, 10 թե 20 տարի, պրոցեսը այդպիսին էր և բարենպաստ էր մեզ համար Եվ Հայաստանի

որոշումը ամբողջ այդ կոնստրուկցիան փլուզեց։ Ոչ ոք չի ասում, թե Ռուսաստանը չէր ճանաչում, բոլորը ճանաչում էին, բայց ասում էին ինքնորոշման պրոցեսը շարունակվում է։ Այդպես եղավ Արևելյան Տիմորում, այսպես եղավ Էրիթրեայում, սա դասական պրոցես է, երբ տարածքային ամբողջականության և ինքնորոշման կոնֆլիկտը իր լուծումը ստանում է ինքնորոշման օգտին։ Ժամանակի մեջ ձգված պրոցես է։ Այս պրոցեսի մեջ էին մենք»։

Source: https://news.am/hy/news/1039548