2026 թվականի հուլիսի 1-3-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի բնապահպանական առաջնահերթությունները, կայուն զարգացման օրակարգը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախարարական կլոր սեղանի շրջանակում Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանի՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) նախագահող երկրի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ միջազգային հանրության ուշադրությունը պետք է կենտրոնանա արդեն ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացման վրա։

Նա ներկայացրել է COP17 նախագահության հիմնական ուղղությունները՝ Կունմինգ–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացումը, առաջին գլոբալ վերանայման հաջող անցկացումը, ինչպես նաև ներառական և գործնական համագործակցության խթանումը։

Ելույթում անդրադարձ է կատարվել նաև Ռիոյի երեք կոնվենցիաների միջև սիներգիայի ամրապնդման կարևորությանը՝ ներկայացնելով Հայաստանի Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (NDC 3.0) և Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը՝ որպես փոխկապակցված բնապահպանական քաղաքականության հիմք։ Մասնակիցներին նաև հրավեր է փոխանցվել մասնակցելու 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք CBD COP17-ին։

Նախարարի տեղակալը հանդես է եկել նաև հատուկ ելույթով՝ նվիրված կլիմայական ինտեգրված գործողություններին և կապույտ ածխածնի էկոհամակարգերի նշանակությանը՝ կարևորելով բնահեն լուծումները, տարածաշրջանային համագործակցությունը և համակցված բնապահպանական քաղաքականությունները։

Այցի շրջանակում Արամ Մեյմարյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ESCAP-ի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիահ Ալիսջաբանայի, Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Շրջակա միջավայրի պահպաանության գործակալության ղեկավար Շինա Անսարիի, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի Կլիմայի փոփոխության և կայուն զարգացման վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի հետ։

Քննարկումների առանցքում եղել են բնապահպանական ոլորտում համագործակցության ընդլայնումը, Սևանա լճի պահպանությունը, Արաքս գետի մոնիթորինգը, կենսաբազմազանության պահպանությունը և COP17-ի շրջանակում համատեղ նախաձեռնությունները։

Նստաշրջանի ավարտին ընդունվել են «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ 2026 թվականի նախարարական հռչակագիրը» և «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն զարգացման նպատակով սիներգիաների խթանման 2026–2030 թվականների տարածաշրջանային գործողությունների ծրագիրը»։

Source: https://news.am/hy/news/1048308