2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմը ի հայտ բերեց Հայաստանի լուրջ թուլությունը անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում։ Այդ պահին Երևանն ուներ ընդամենը մի քանի բազային հետախուզական ԱԹՍ-ներ և գործնականում չուներ հարվածային ու կամիկաձե անօդաչուներ, մինչդեռ Ադրբեջանը երկար տարիների ընթացքում զարգացնում էր իր անօդաչու ներուժը՝ առաջատար տեխնիկայի գնման հաշվին, նախ և առաջ Իսրայելից և Թուրքիայից, գրում է Tasnim-ը։

2020 թվականի պատերազմի փորձը ցույց տվեց, որ Հայաստանը ոչ միայն անօդաչուների արդյունավետ պարկ չուներ, այլև այդ սպառնալիքին հակազդելու գործուն համակարգեր։ Այդ պարտությունը դարձավ Երևանի պաշտպանական քաղաքականության մասշտաբային վերանայման սկիզբը։

Այժմ՝ գրեթե վեց տարի անց, Հայաստանը 2026 թվականի մայիսի 28-ի զինվորական շքերթին ներկայացրեց հայրենական արտադրության մի շարք անօդաչու թռչող սարքեր և նոր համակարգեր։ Այդ տեխնիկան մշակել են տեղական մի քանի մասնավոր ընկերություններ՝ պետության ֆինանսական աջակցությամբ, և վկայում է երկրի ռազմարդյունաբերության զգալի աճի մասին։

2023–2025 թվականներին Հայաստանի կառավարությունը հայրենական պաշտպանական ձեռնարկությունների հետ կնքել է շուրջ 450 միլիոն դոլարի պայմանագրեր, որոնց զգալի մասն ուղղվել է անօդաչուների զարգացմանը։ Բացի դրանից, երկրի բանակի կառուցվածքում ստեղծվել են «անօդաչու զորքեր»՝ որպես ինքնուրույն զորատեսակ։

Վերջերս անցկացված շքերթին ներկայացվեցին տարբեր տեսակի հետախուզական, հարվածային, կամիկաձե և որսացող ԱԹՍ-ներ՝ համակարգեր, որոնք մշակվել են հետախուզության հնարավորությունների ուժեղացման, թիրախային հարվածներ հասցնելու և հակառակորդի անօդաչուներին հակազդելու համար։

Սեփական արտադրության զարգացմանը զուգահեռ՝ Հայաստանը օրակարգ է ներառել նաև արտասահմանյան անօդաչուների գնումը։ Շքերթի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին չինական ծագման հարվածային և կամիկաձե ԱԹՍ-ներ։ Բացի դրանից, հայտնի դարձավ, որ Երևանը ԱՄՆ-ից ձեռք է բերել ուղղահայաց թռիչք-վայրէջքի V-BAT անօդաչու սարքեր։

Վերլուծաբանները կարծում են, որ այդ քայլերի համախմբությունը ցույց է տալիս. Հայաստանն իրականացնում է մասշտաբային ծրագիր՝ անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում իր թուլությունը հաղթահարելու և Կովկասում զսպման նոր ներուժ ստեղծելու համար։ Սակայն այդ համակարգերի գործնական արդյունավետությունը կարող է գնահատվել միայն մարտի դաշտի իրական պայմաններում։

Source: https://news.am/hy/news/1049784