Հայաստանը կողմնորոշվել է նոր ատոմակայանի կառուցման սկզբունքային մոտեցման հարցում. ապագա ԱԷԿ-ը պետք է լինի մոդուլային տիպի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ այս փուլում իշխանությունները դեռ չեն ընտրել արտադրող երկիրը, քանի որ այդ ընտրությունը կախված է կայանի կոնկրետ մոդելից։ «Մենք կատարել ենք տիպի ընտրություն, այսինքն՝ որոշել ենք, որ Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլային տիպի։ Բայց արտադրող երկրի ընտրություն չենք արել, որովհետև մոդելի ընտրությունից է կախված արտադրող երկիրը»,- նշել է նախարարը։

Ներկայումս Հայաստանն ուսումնասիրում է միանգամից մի քանի պետությունների առաջարկներ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը։ Խուդաթյանը նշել է, որ այս բոլոր երկրներն առաջարկում են մոդուլային ատոմակայանների տարբեր տարբերակներ։ Մասնավորապես՝ ռուսական կողմը նույնպես ունի փոքր մոդուլային ԱԷԿ-ի սեփական մոդելը, որն այժմ շահագործվում է լողացող հարթակի վրա։ Այդուհանդերձ, կառավարությունը մտադիր չէ շտապել վերջնական որոշման հարցում։

Նախարարն ընդգծել է, որ Մեծամորի գործող ատոմակայանը դեռ երկար տարիներ կկարողանա մնալ երկրի էներգահամակարգի կարևոր մասը։ Այժմ իրականացվում է կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը, որի ավարտից հետո Հայաստանն ակնկալում է ԱԷԿ-ի շահագործման թույլտվություն ստանալ մինչև 2036 թվականը։ Խուդաթյանի խոսքով՝ դրանից հետո հնարավոր է շահագործման երկարաձգման նոր ծրագրի իրականացում, ուստի նոր կայանի հապշտապ ընտրության հույժ անհրաժեշտություն չկա։

Նախարարն անդրադարձել է նաև ապագա ԱԷԿ-ի հզորության հարցին։ Նրա խոսքով՝ տարածված այն կարծիքը, թե մոդուլային կայաններն իրենց հզորությամբ զգալիորեն զիջում են ավանդականներին, չի համապատասխանում իրականությանը։ «Հզորության խնդիր չկա։ Մենք ընտրում ենք այն հզորությունը, որը կցանկանանք»,- հայտարարել է Խուդաթյանը։ Նա պարզաբանել է, որ կայանի պարամետրերը որոշվելու են հայկական էներգահամակարգի կարիքներով և պետության ֆինանսական հնարավորություններով։ Կախված մոդուլների քանակից՝ հզորությունը կարող է լինել ինչպես 100 ՄՎտ, այնպես էլ 1000 ՄՎտ։ Որպես մոդուլային ատոմակայանների գլխավոր առավելություններից մեկը՝ նախարարը նշել է դրանց ճկունությունը։ Նրա խոսքով՝ վերականգնվող էներգետիկայի զարգացումը պահանջում է արտադրության ավելի մանևրային աղբյուրներ։

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն աճում է արևային էներգետիկայի մասնաբաժինը։ Սա հանգեցնում է իրավիճակների, երբ օրվա առանձին ժամերին էներգահամակարգում էլեկտրաէներգիայի ավելցուկ է առաջանում, և ստիպված են լինում սահմանափակել ավանդական արտադրող օբյեկտների աշխատանքը։ Խուդաթյանի խոսքով՝ ցերեկային ժամերին երբեմն անհրաժեշտություն է առաջանում ցանցից ժամանակավորապես անջատել Երևանի ՋԷԿ-ը, ինչպես նաև նվազեցնել Մեծամորի ԱԷԿ-ի հզորությունը։ Երեկոյան, երբ արևային արտադրությունը նվազում է, այս հզորությունները կրկին միացվում են էներգահամակարգին։ Հենց այդ պատճառով, նախարարի կարծիքով, ավելի ճկուն մոդուլային ռեակտորներն ավելի լավ են համապատասխանում հայկական էներգետիկայի ապագա կառուցվածքին։

Իշխանությունները հույս ունեն էլեկտրաէներգիայի հնարավոր ավելցուկի խնդիրը լուծել նաև արտահանման ծավալների մեծացման հաշվին։ Խուդաթյանի խոսքով՝ արդեն մեկնարկել է դեպի Վրաստան տանող նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել երկու երկրների էներգահամակարգերի միջև թողունակությունը։ Ծրագրի ավարտից հետո Հայաստանը կկարողանա էլեկտրաէներգիա արտահանել ոչ միայն Վրաստան, այլև վրացական տարածքով՝ դեպի այլ շուկաներ։ Միաժամանակ շարունակվում է դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը։ 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում։ Օբյեկտի շահագործման հանձնումից հետո մատակարարման ծավալները կարող են էապես աճել։

Նախարարը նաև մատնանշել է էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի աճը։ Նրա խոսքով՝ աճի գործոններից մեկն են դարձել տվյալների մշակման կենտրոնները և սերվերները, որոնք օգտագործվում են արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման համար։ Բացի այդ, իշխանություններն ակնկալում են արդյունաբերական արտադրության հետագա աճ և նոր բարձրտեխնոլոգիական ձեռնարկությունների ներգրավում։ Խուդաթյանը նշել է, որ հովացման համակարգերի բարձր պահանջարկի և հաշվարկային համակարգերի անխափան աշխատանքի ապահովման պատճառով, նման օբյեկտները աշխարհում էլեկտրաէներգիայի խոշորագույն սպառողներից են։

Source: https://news.am/hy/news/1042774