Գյուղատնտեսական արտադրանքի իրացման հետ կապված խնդիրների հետևանքները մեղմելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ այգիներում կարկտապաշտպան համակարգի ներդրման պետական աջակցության ծրագրից օգտվող, սակայն դեռևս այգիներ չհիմնած ֆերմերներին կտրամադրվեն արտոնություններ։ Համապատասխան որոշումն օգոստոսի 13-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։
2026 թվականի հունիսի 25-ի որոշմամբ արդեն իսկ սահմանվել էին լրացուցիչ արտոնություններ ինտենսիվ այգեգործության զարգացման աջակցության ծրագրերի շրջանակում այգիներ հիմնած շահառուների համար, որոնց համաձայն՝ վարկի մարման ժամկետը երկարաձգվել է մեկ տարով, ինչպես նաև տրամադրվել է վարկի հիմնական գումարի մարման լրացուցիչ մեկամյա արտոնյալ ժամանակաշրջան։
Միևնույն ժամանակ նույն խնդրին բախվում են նաև այն շահառուները, որոնք դեռևս այգիներ չեն հիմնել, սակայն աջակցության ծրագրերի շրջանակում տեղադրում են կարկտապաշտպան համակարգ, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված շահառուներին տրամադրել համանման արտոնություններ՝ մեղմելով արտահանման սահմանափակումներով պայմանավորված դժվարությունները։
Բացի այդ, որոշում է ընդունվել արտոնություն ստանալու համար ֆինանսական հաստատություն դիմում ներկայացնելու ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում Հայաստանից բուսական արտադրանքի արտահանման նկատմամբ սահմանվել են որոշակի սահմանափակումներ, ինչի հետևանքով մրգեր և այգեգործական արտադրանք արտահանող տնտեսավարող սուբյեկտները կրում են զգալի ֆինանսական կորուստներ և լրացուցիչ պետական աջակցության կարիք ունեն։
Source: https://news.am/hy/news/1055155