Հայաստանում ոչ բոլորն են կիսում երկրի ղեկավարության տեսակետը։ Դրա մասին «Вести» լրատվական ծառայությանը տված մեկնաբանությունում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտեցման հետ։

«Ոչ բոլորն են կիսում այս տեսակետը։ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք չեն կիսում նման մոտեցումը։ Այդ ուժերը մեզ համակրելի են, մենք դա չենք թաքցնում»։

Նա ընդգծել է, որ Մոսկվան ցանկանում է համագործակցել Երևանի հետ նաև հանուն բուն Ռուսաստանի բարօրության։

«Որովհետև մեզ համար գլխավորը մեր բարգավաճումն է։ Հայաստանի հանդեպ ամբողջ հարգանքով ու սիրով հանդերձ՝ մեզ համար գլխավորը Ռուսաստանն է։ Բայց և միևնույն ժամանակ դա փոխշահավետ գործընթաց է։ Դա ձեռնտու է նաև հայերին», - ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը եղել, կա ու կմնա Ռուսաստանի համար եղբայրական երկիր։

Նա շեշտել է, որ Մոսկվան արժևորում է Երևանի հետ գործընկերությունը։

Source: https://news.am/hy/news/1038883