Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները երդում կտան նոր խմբագրմամբ։ Համապատասխան փոփոխությունները հաստատվել են Հայաստանի Ազգային ժողովի հուլիսի 3-ի արտահերթ նիստում։

Երդման տեքստն այժմ կհնչի հետևյալ կերպ․

«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Իսկ պատգամավորի երդման նախկին տեքստը հետևյալն է․

«Հանուն համազգային նպատակների իրականացման և Հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավունքների և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները։ Նրանց կարծիքով՝ երդման նոր տեքստն ավելի համահունչ է այսօրվա իրողություններին, պետականությանը և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը։

Source: https://news.am/hy/news/1047602