Մի խումբ անհայտ անձինք ԱՊՀ առաքելության դիտորդներից պահանջել են ոչնչացնել Հայաստանի Արմավիրի մարզի ընտրական տեղամասերից մեկի այցելության արձանագրությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ Լյուդմիլա Մարկինան, ով ընդգրկված է եղել նաև ԱՊՀ առաքելության դիտորդական խմբի կազմում։

«Առաքելության աշխատանքի շրջանակներում մենք արձանագրություններ ենք կազմում հայտնաբերված թերությունների ու խախտումների վերաբերյալ… Խախտում հայտնաբերելով՝ նրանք (դիտորդները - խմբ․) արձանագրություն են կազմել։ Տեղամասային հանձնաժողովի գործընկերները դա տեսել են, պատնեշ են կանգնել և պահանջել ոչնչացնել արձանագրությունները»,- պատմել է Մարկինան։

Դիտորդական առաքելության անդամները հրաժարվել են ոչնչացնել արձանագրությունը, քանի որ իրենց աշխատանքն իրականացնում էին սեփական լիազորությունների շրջանակներում, ընդգծել է Մարկինան։ Դրա հետ մեկտեղ, տեղամասում ներկա գտնվող ոստիկանությունը չի միջամտել կատարվածին, դժգոհել է նա։ «Պարզապես ծայրահեղ տհաճ իրավիճակ էր, երբ մարդիկ կազմակերպված կերպով, առանց բեյջերի շրջապատել էին նրանց»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի Արմավիրի մարզում, որտեղ 16/25 տեղամասում առաքելության ներկայացուցիչները փոքր թերություններ են հայտնաբերել և դրանց վրա հրավիրել ընտրական հանձնաժողովի անդամների ուշադրությունը։ «Նման միջադեպ եղել է, հաջողվել է այն բարեհաջող հարթել, սակայն, այդուհանդերձ, մենք շատ էինք անհանգստանում մեր գործընկերների համար։ Որովհետև, ինքներդ եք հասկանում, խմբի կազմում կանայք են աշխատում, դա այլ երկիր է, և տեղամասն էլ գտնվում է հեռավոր շրջանում»,- պատմել է նա։

Source: https://news.am/hy/news/1041998