Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11–ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը։
Ներկայացնելով որոշման նախագիծը էկլոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշեց. «Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց Հայաստանից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղկի արտահանմանն աջակցելու միջոցառումը, որի նպատակն էր նպաստել արտահանման շուկայի դիվերսիֆիկացմանը և մատակարարման նոր շղթաների ձևավորմանը։ Այս նախագծով առաջարկվում է հաստատել նույնաբովանդակ երկրորդ միջոցառումը՝ ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի, գինու և բրենդիի արտահանումը խթանելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափով.
Սալորի, դեղձի և նեկտարինի 1 կգ–ի համար – 250 դրամ,
Շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր լիտրի համար – 350 դրամ,
Շշալցված բրենդիի յուրաքանչյուր լիտրի համար – 830 դրամ,
Հանքային ջրի յուրաքանչյուր լիտրի համար – 150 դրամ։
Նշված ապրանքների արտահանումը հունիսին իրականացնելուց հետո փոխհատուցման նկատակով տնտեսվարողը դիմում է էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնում է երկու փաստաթուղթ՝ ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման նպատակով տարանցման հայտարարագիր կամ արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճենները, ինչպես նաև հաշիվ ապրանքագիրը»,–ասաց Խոջոյանը։
Նա տեղեկացրեց, որ հունիսի 1–ից արտահանվել է շուրջ 257 հազար կգ կեռաս, 64 900 կգ ծիրան և այդ արտահանումներն իրականացրած կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին և ամսվա վերջին ստանալ փոխհատուցում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ 2026 թ. հունիսի ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման ենթակա պտղի ծավալները կկազմեն շուրջ 11.5 հազար տոննա, այդ թվում՝ ծիրանը՝ 7000, կեռասը՝ 2000, սալորը՝ 2000, դեղձը և նեկտարինը՝ 500, շշալցված խաղողի գինունը՝ 290 հազար լիտր, բրենդիինը՝ 800 հազար բացարձակ լիտր, իսկ հանքային ջրինը՝ 2000 հազար լիտր։
Որոշմամբ անհրաժեշտ օժանդակության տրամադրման չափը գնահատվում է շուրջ 3.9 մլրդ դրամ, որը հաշվարկվել է 2026 թվականի հունիսի ընթացքում արտահանման ենթակա գնահատված ծավալների արտահանման համար տրամադրվող փոխհատուցման չափերով։
Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։
Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։
Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Source: https://news.am/hy/news/1042747