Հայաստանի ոստիկանները կես տարվա ընթացքում անօրինական շրջանառությունից առգրավել են ավելի քան 320 կգ թմրանյութ։ Այս մասին օգոստոսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ փոխնախարարի պաշտոնակատար, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը։

Նրա խոսքով՝ նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է թմրանյութերի անօրինական շրջանառության 1545 դեպք, ինչը 196-ով պակաս է, քան անցյալ տարի։ 111-ով նվազել է իրացման դեպքերի թիվը (անցյալ տարվա առաջին կիսամյակում՝ 1051)։ Առգրավվել է 320 կգ տարբեր տեսակի թմրանյութ, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 301 կգ։ Այդ թվում՝ շուրջ 14 կգ սինթետիկ թմրանյութ։

Ինտերնետի մոնիթորինգը թույլ է տվել բացահայտել շրջանառության 266 դեպք, որոնցից 76-ը՝ իրացում, 190-ը՝ ձեռքբերում։

Source: https://news.am/hy/news/1056074