Մինչև խորհրդարանական ընտրությունները մնացել են ընդամենը մի քանի օր։ Ցավոք, նախընտրական աղմուկի մեջ հաճախ ստվերվում է ամենակարևորը՝ բովանդակային և կառուցողական խոսքը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս պայմաններում ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է հստակ ծրագրով և քաղաքացիների առջև ստանձնած կոնկրետ պարտավորություններով։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրում ներառված են այնպիսի առաջնահերթություններ, որոնց իրականացումը կարող է Հայաստանի համար բացել տնտեսական զարգացման, սոցիալական արդարության և բարեկեցության նոր էջ։

* ամսական կենսաթոշակի նվազագույն չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին՝ 2027թ․–ից փուլային տարբերակով այն դարձնելով 100.000 դրամ

* առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150.000 դրամ

*վերացնել Երևան քաղաքի առջև ծառացած խնդիրները,

* բացառել բանկային ռեկետը և իրականացնել մինչև 3 միլիոն դրամ վարկերի համաներում։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացին արժանի է ոչ թե դատարկ խոստումների և քաղաքական աղմուկի, այլ իրական լուծումների, որոնք կբարելավեն մարդկանց առօրյան և կստեղծեն ավելի ապահով ու բարեկեցիկ ապագա։

Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է։

Source: https://news.am/hy/news/1040147