Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն աճել է հաշվառման-քննական ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը։ Արդյունքում հերթերի կառավարման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Դրա մասին կառավարության հուլիսի 2-ի նիստում հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Գործող կարգավորումը, որով տեսական քննության դրական արդյունքը պահպանվում է մեկ տարի ժամկետով, հաճախ բավարար չի լինում քաղաքացիների համար, որպեսզի այդ ընթացքում հաջողությամբ հանձնեն գործնական քննությունը։ Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները մի քանի անգամ ձախողում են գործնական քննությունը կամ մեկ տարվա ընթացքում չեն հասցնում ավարտել ավտոդպրոցներում ուսուցումը և դիմում են քննության ժամկետը երկարաձգելու խնդրանքով»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է տեսական քննության դրական արդյունքի վավերականության ժամկետ սահմանել երկու տարի՝ մեկ տարվա փոխարեն։

Սարգսյանը նշել է, որ փոփոխություններ են նախատեսվում նաև տեսական քննության հարցաշարերում։

«Քաղաքացիները հաճախ դժգոհում են, որ, օրինակ, մարդատար ավտոմեքենայի վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական հարցաշարում ներառված են հարցեր, որոնք վերաբերում են ավտոբուսների կամ այլ տրանսպորտային միջոցների վարմանը։ Հիմա մենք հարցաշարերը դարձնում ենք ավելի հասցեական. յուրաքանչյուր կարգի և ենթակարգի համար նախատեսվելու են տվյալ կարգին համապատասխանող հարցեր»,- նշել է ՆԳՆ ղեկավարը։

Ըստ նախարարի՝ առաջարկվում է այս փոփոխություններն ուժի մեջ մտցնել սեպտեմբերից, որպեսզի մինչ այդ հնարավոր լինի համապատասխանեցնել և տեխնիկապես հարմարեցնել թվային համակարգերը։

Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ վարորդական իրավունքից զրկված անձանց համար վկայականի վերականգնման նոր մոդելը, ըստ որի 50 հազար դրամ վճարելով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը, կսահմանվի կառավարության առանձին որոշմամբ։

Նա հավելել է, որ այս օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 6-ից։

Source: https://news.am/hy/news/1047433