ՀԱՊԿ-ից դուրս գալը չի համապատասխանում Հայաստանի շահերին։ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքական գործիչը կրկնել է նախկինում հնչեցրած այն միտքը, որ այդ կազմակերպության անդամների մեծ մասի հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի լավն են, քան Հայաստանի, և Երևանը պետք է մտածի դրա պատճառների մասին՝ ուրիշներին մեղադրելու փոխարեն։ Քոչարյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում գլխավոր երկիրը Ռուսաստանն է, որի հետ Հայաստանն ունի նաև երկկողմ պայմանավորվածություններ, իսկ հարթակը հնարավորություն է տալիս համալրել սպառազինությունը. խելամիտ չէ հրաժարվել նման հնարավորությունից։

«Հարաբերությունները պետք է կառուցել Ռուսաստանի հետ։ Ղրղզստանն այստեղ շահեր չունի։ Ես ինքս որոշակիորեն հուսախաբված եմ ՀԱՊԿ-ից, բայց իրավիճակին պետք է նայել գործնական տեսանկյունից։ ՌԴ-ի հետ կան երկկողմ պայմանավորվածություններ, բայց Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում դրանք գործարկելու համար։ Մեծ հույսեր ՀԱՊԿ-ի հետ չեմ կապում, բայց հեռանալը նման է սեփական ոտքին կրակելուն», - նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ հնդկական չփորձարկված զենք գնելը լավագույն գաղափարը չէ։

Նրա խոսքով՝ շքերթի ժամանակ ցուցադրված զենքն ավելի շատ հարցեր է առաջացրել։ Այն դիտարկմանը, թե ցուցադրվում էր ժամանակակից սպառազինություն, Քոչարյանը նկատել է. «Մենք տեսանք, թե ինչ պատահեց СУ-30-ների հետ (քաղաքական գործիչը հիշեցրել է առանց հրթիռների ժամանակակից կործանիչների գնման մասին, ինչի պատճառով անհնար եղավ դրանք օգտագործել 44-օրյա պատերազմի ժամանակ)՝ զրո կիրառում։ Նույնը լինելու է այս սպառազինության դեպքում»։

Քոչարյանն արձանագրել է, որ տարբեր երկրներից սպառազինության գնումը հղի է խնդիրներով, քանի որ ժամանակակից պատերազմներում հետախուզական անօդաչուի ազդանշանից մինչև կրակի կառավարման համակարգի գործարկումը մի քանի վայրկյան է։

«Հնդկական, ֆրանսիական, իրանական, ռուսական սպառազինությունները բոլորն ունեն ծրագրային ապահովում։ Նման բազմազանությունը խանգարում է կառավարման միասնական համակարգի ստեղծմանը», - հայտարարել է Քոչարյանը։

Source: https://news.am/hy/news/1040711