Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը պարզաբանել է, թե ինչու կոմիտեն չի կարող միջամտել, երբ պաշտոնյաները ընտրություններից առաջ խախտում են բարեգործության արգելքը։

Լրագրողների հետ զրույցում Նահապետյանին հարցրել են, թե ինչու են երկակի ստանդարտներ կիրառվում. երբ քաղաքապետ Ավինյանն է ֆոտոխցիկ նվիրում՝ գործ չի հարուցվում, իսկ երբ ընդդիմադիր կուսակցություններից մեկի ներկայացուցիչն ընդամենը քննարկում է 103-ամյա վետերանին հեռուստացույց նվիրելու հարցը, անմիջապես քրեական գործ է բացվում։

Ի պատասխան՝ Նահապետյանը նշել է, որ օրենքն ընդհանրապես չի կարգավորում պաշտոնատար անձանց բարեգործությունը. այն վերաբերում է միայն քաղաքական ուժերին, հետևաբար՝ այստեղ խախտում չկա։ Բայց նույնիսկ եթե խախտում լինի, դա դուրս է կոմիտեի լիազորություններից։ Այսինքն՝ Ավինյանը նվերը տվել է ոչ թե որպես քաղաքապետ, այլ որպես քաղաքական գործիչ, իսկ այդ դեպքում պահանջներն այլ են։

Այն ուղիղ հարցին, թե արդյոք նա կաշկանդվա՞ծ է արդյոք իր գործողություններում, Նահապետյանը պատասխանել է, որ բնավ ոչ, և որպես օրինակ հիշեցրել է Արմավիրում «ՔՊ»-ականների դեմ հարուցված քրեական գործը։ Լրագրողները, սակայն, հակադարձել են, որ այդ դեպքն այնքան մեծամասշտաբ էր, որ պարզապես հնարավոր չէր թաքցնել, իսկ ուրիշ նման դեպքերի մասին ոչինչ հայտնի չէ։

Այդ ժամանակ Նահապետյանը պարզաբանել է կոմիտեի մոտեցումը. եթե խոսքը պաշտոնյայի մասին է, իրենք չեն կարող դա դիտարկել որպես բարեգործության արգելքի խախտում, այլապես ցանկացած քայլ, նույնիսկ հանուն համայնքի արված գործերը, կարելի է այդ լույսի ներքո դիտարկել։

Անդրադառնալով (Փաշինյանի) հաշվեհարդարի սպառնալիքներին և պատասխանելով հարցին, թե արդյոք դրանք կոմիտեի համար գործողությունների ուղեցույց չեն՝ Նահապետյանը հրաժարվել է մեկնաբանել քաղաքական հայտարարությունները։ Այդուհանդերձ, նա հավելել է, որ նման խոսքերն իրենց չեն կաշկանդում, քանի որ ինքը դատավոր չէ. իր գործը հանցագործության փաստը պարզելն է, քննելն ու մեղավորության կամ անմեղության ապացույցներ հավաքելը։

Նահապետյանին ուղիղ հարցրել են, թե արդյո՞ք կոմիտեն նախընտրական շրջանում դարձել է մահակ՝ իշխանությունների ձեռքին ընդդիմությանը ճնշելու համար։ «Մենք մահակ ենք հանցագործների համար»,- պաթոսով հայտարարել է Նահապետյանը՝ հավելելով, որ հարցի նման ձևակերպումն անտեղի է։

Նրան կրկին հիշեցրել են, որ 2026 թվականի բյուջեով թոշակների բարձրացում նախատեսված չէ, և հարցրել են, թե արդյո՞ք սա ընտրակաշառք չէ։ «Որպեսզի հարցն օրակարգից դուրս գա, պարզաբանեմ. ընտրակաշառքն այն է, երբ կոնկրետ ընտրողի գումար են տալիս՝ պայմանով, որ նա քվեարկի կոնկրետ ուժի կամ անձի օգտին։ Իսկ քանի որ բարձրացրել են բոլորինը, ինչպե՞ս կարելի է պնդել, թե դա ընտրակաշառք է»,- հայտարարել է Նահապետյանը՝ արհամարհելով այն հանրային ընկալումը, թե դա արվել է ընտրողների որոշակի խմբի սիրտը շահելու նպատակով։

Միևնույն ժամանակ, նա չի բացառել «կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում» նոր գործողությունների հավանականությունը՝ իհարկե, առանց վերևներից որևէ հրահանգի։ «Ոչ մի հրաման կամ քաղաքական ցուցում չի կարող ազդել մեր գործողությունների վրա»,- ինքնավստահ կերպով հայտարարել է Նահապետյանը։

Source: https://news.am/hy/news/1042497