Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագրերով նախատեսված քայլեր, սակայն դրանք չենք տեսել. ամեն ինչ շատ հարաբերական է։ Այս մասին, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը հակված չէ լարվածություն մտցնելու հայ-ռուսական հարաբերություններում։

«Մենք հակված չենք որևէ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում, ճիշտ հակառակը՝ հակված ենք մեր գործընկերությունը բնականոն շարունակելուն»,- նշեց Միրզոյանը։

Անդրադառնալով ԵԱՏՄ–ում Հայաստանի անդամակցության հարցի քննարկման վերաբերյալ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությանը, Արարատ Միրզոյանն ասել է. «Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մենք այդպիսի ցանկանություն չենք ներկայացրել, հետևաբար, չի կարող մեր հեռացման հարցը քննարկվել»։

Հարցին՝ ՀՀ-ն ե՞րբ որոշում կկայացնի՝ Միրզոյանը պատասխանել է. «Երբ հարցի քննարկման անհրաժեշտություն լինի։ Ես ոչ մի ժամկետ չեմ կարող ասել, այդպիսի խնդիր մեր օրակարգում դրված չի այսօր»։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է ԵԱՏՄ-ում ՀՀ-ի անդամակցությունը սառեցվի, մինչև ՀՀ-ն կողմնորոշվի, Միրզոյանն արձագանքել է. «Չի կարող այդպիսի բան լինել։ Դա ՀՀ-ի կոնսենսուսային ձայներով որոշվող, առաջնորդվող կազմակերպություն է, ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել»։

Հիշեցնենք՝ երեկ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում անդրադարձել էր Հայաստանի իշխանության գործելաոճին՝ նշելով, որ այն չի համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։

Բացի այդ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երեկ հայտարարել էր, որ Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև։

Source: https://news.am/hy/news/1037117