Մայիսի 22-ի գիշերը՝ ժամը 3:15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 3-ի սահմաններում Օղակաձև զբոսայգու հարակից տարածքում երեք օտարերկրացի նախ գումար են խնդրել, ապա հափշտակելով իր դրամապանակը՝ դիմել են փախուստի։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաղորդումից մեկ ժամ անց Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 41-ամյա տղամարդու։

Հետագա միջոցառումների արդյունքում հայտնաբերվել, կողոպուտի կասկածանքով ձերբակալվել և վարչություն են տեղափոխվել նաև 35-ամյա և 45-ամյա օտարերկրյա քաղաքացիները։

Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Source: https://news.am/hy/news/1038080