Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց որոշ խմբեր կրկին կկարողանան օգտվել բնակարանի վարձավճարի մասնակի փոխհատուցումից։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 13-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։

Աջակցություն ստանալու պայմանը կլինի ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին մասնակցությունից հրաժարումը, որը պետք է ձևակերպվի գրավոր դիմումի տեսքով։

Շահառու է համարվում 1-3 անդամից բաղկացած այն ընտանիքը, որի անդամներից ոչ մեկը չի ստացել բնակարան կամ տուն ձեռք բերելու իրավունքի վկայագիր կամ անհատական բնակելի տան կառուցման իրավունքի վկայագիր։ Վկայագրի ուժը կորցնելու դեպքում շահառուն կարող է ներկայացնել նոր դիմում։

Որոշման նպատակը սոցիալական աջակցության տրամադրման պայմանների հստակեցումն է և աջակցության կրկնակի տրամադրման խնդրի նվազեցումը։

Source: https://news.am/hy/news/1055163