Այսուհետ համապետական (խորհրդարանական) ընտրություններին և հանրաքվեներին կկարողանան քվեարկել միայն Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ընտրություններից 48 օր առաջ (կամ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28 օր առաջ) մշտապես բնակվել են հանրապետությունում, այսինքն՝ նշված ամսաթվի դրությամբ (ընտրությունների օրվանից 48 կամ 28 օր առաջ) ավելի քան մեկ տարի վերջին երկու տարուց՝ գտնվել են երկրում (նախորդող 730 օրերից 366 օր)։ Համապատասխան փոփոխությունները միաձայն հավանության են արժանացել Հայաստանի Ազգային ժողովի հուլիսի 3-ի արտահերթ նիստում՝ ընդդիմության բոյկոտի պայմաններում։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր։
Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթը կազմել էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը։
Source: https://news.am/hy/news/1047599