«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։

Մեկնաբանություն ստանալու համար մենք դիմեցինք Կենդանաբանական այգի, սակայն մամլո խոսնակը հրաժարվեց հերքել կամ հաստատել մեր տեղեկությունը՝ ուղղորդելով Երևանի քաղաքապետարան։ Կայքի հարցադրմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից խուսափեցին որեւէ կոնկրետ տեղեկատվություն տրամադրելուց՝ նշելով, որ առյուծի չարթնանալու մասին տեղեկությունը չեն կարող հերքել կամ հաստատել։ «Այս պահին քննչական գործողություններ են կատարվում, լրացուցիչ մանրամասները կհաղորդվի»,-հայտնեցին քաղաքապետարանից։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել է և տեղափոխվել Քննչական կոմիտե։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։

Քննչական կոմիտեն իր հաղորդագրությամբ ներկայացրել է, թե ինչի համար է ձերբակալվել Ծառուկյանը. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։

Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից ռգրավել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի

Ծառուկյանը մեղադրանքը «սուտ, սարքած, փուչիկ» է որակել։

Source: https://news.am/hy/news/1048414